Սիրիայի ընդդիմադիր շարժման շուրջ 40 առաջնորդներ Գերմանիայում մասնակցել են ժողովրդավարության կառուցման կարողություններ ձեռք բերելուն ուղղված թրեյնինգների: Անսովոր միջոցառումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Բեռլինում, հայտնում է Haaretz պարբերականը:
Իսրայելցի լրագրողների տեղեկություններով՝ Ասադի հնարավոր փոխարինողներին պատրաստելու միջոցառումը խիստ գաղտնի պայմաններում է ընթացել: Դասընթացների անցկացման վայր է ընտրվել հենց Գերմանիան, որպեսզի ընդդիմադիր առաջնորդները կարողանան ծանոթանալ հատուկ ծառայությունների բարեփոխման գերմանական փորձի հետ:
Գերմանիայի ԱԳ նախարարությունում հաստատել են թրեյնինգների անցկացման փաստը: «Սա մեր վառ արտահայտված քաղաքական գիծն է. նպաստել սիրիական ընդդիմության մեջ փոխհասկացողությանը, և որպեսզի նրանց կադրերը ավելի պրոֆեսիոնալ դառնան»,-հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը: Միաժամանակ, դիվանագիտական աղբյուրը ընդգծել է, որ ծրագրի կազմակերպիչը Գերմանիան չէ:
Ինքնակրթության դաշտում սիրիացի ընդդիմադիրներին օգնություն են ցուցաբերում Ամերիկայի խաղաղության ինստիտուտը, ԱՄՆ Պետդեպը և Շվեյցարիայի ԱԳ նախարարը: Բեռլինը ընդգրկված է ծրագրում միայն դիտորդի կարգավիճակում:
Նախագահ Բաշար Ասադի և ընդդիմադիրների միջև բախումները սկսվել են 2011 թվականի մարտի 15-ին: Բախումների զոհ է դարձել առնվազն 14-17 հազար մարդ: