Ամերիկյան կոմիքսների սուպերհերոս Բեթմենի դիմակներով երեք զինված անձինք հարձակում են գործել մեքսիկական երկու կինոթատրոնների վրա «Սև ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմի ցուցադրության ժամանակ, հայտնում է Agence France-Presse-ը: Կողոպուտը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը ԱՄՆ-ի հետ սահմանի վրա գտնվող Չիուաուա նահանգում:
Առաջին հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից որոշ ժամանակ անց: Սևազգեստ և զինված երեք անձինք Բեթմենի դիմակներով թալանել են Cinepolis կինոթատրոնի դրամարկղը: Այնուհետև նրանք հարձակվել են միևնույն քաղաքում գտնվող Cinemax կինոթատրոնի վրա: Հանցագործներին հաջողվել է 18 հազար դոլար գողանալ:
«Սև ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմի ցուցադրությունները ողջ աշխարհում ուղեկցվում են անվտանգության խստացված միջոցառումներով: Հուլիսի 20-ին ֆիլմի պրեմիերայի ժամանակ ամերիկյան Ավրորա քաղաքում տեղի բնակիչ Ջեմյս Հոլմսը սպանել էր 12 մարդկանց և վիրավորել 60 հանդիսատեսների: Ձերբակալվելուց հետո տղամարդը հայտնել էր ոստիկանությանը, որ ինքը Ջոկերն է՝ Բեթմենի մասին էկրանավորված կոմիքսներում հերոսի գլխավոր հակառակորդը: Նրա գործողությունների դրդապատճառներն անհայտ են մնում: