8-րդ դասարանն ավարտած աղջիկը, ով մի քանի օրից կդառնա 15 տարեկան, 1 ամսից պատրաստվում է մայրանալ, գրում է Hetq.am-ը:
Երեխային սեռական բռնության է ենթարկել նրա խորթ հայրը` երևանցի Անդրանիկը: Իսկ երբ իմացել է, որ աղջիկը հղի է, լքել է երկիրը: Նրա` Հայաստանից դուրս գալու մասին կինն ու խորթ աղջիկը ոչ միայն իմացել ու խրախուսել են, այլև ճանապարհից առաջ մի լավ կերուխում են կազմակերպել, գրում է կայքը:
Անչափահասին սեռական բռնության ենթարկելու փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, ապա տեղափոխվել Աբովյանի բաժին: Նախաքննության շահերից ելնելով՝ քննիչ Արթուր Մարուքյանը, որի վարույթում է գործը, մանրամասներ չի հրապարակել, անգամ չի հայտնել, թե քանի և որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել: Տեղեկացրել է միայն, որ Անդրանիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվելու:
Բռնության ենթարկված կանանց ապաստարան աղջիկը եկել է հունիսի 22-ին` մոր ուղեկցությամբ: Միջնորդել է ՍՈՍ մանկական գյուղի աշխատակիցներից մեկը, որի շահառուներն են աղջնակի երկու կրտսեր եղբայրները: Ինքն էլ Հույսի ավանի շահառուներից է, բայց ապրել է ոչ թե ավանում, այլ տանը: Ութերորդ դասարանն էլ մի կերպ է ավարտել, որովհետև հղիության նշաններն սկսել էին ի հայտ գալ:
Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, գոյատևում` նպաստի ու տատիկի թոշակի հաշվին: Երբ հայտնվել է նրանց նյութական խնդիրները հոգալու պատրաստակամություն ստանձնած օտար տղամարդը, ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում և տատը, սիրով ընդունել են նրան: Այնքան են սիրել, որ կարճ ժամանակ անց օտար երեխաները նրան որպես հայր են ճանաչել:
Երթուղայինի վարորդ Անդրանիկը, սակայն, ի չարս է օգտագործել իր նոր ընտանիքի սերն ու վստահությունը և սկսել է սիրահետել երկրորդ կնոջ անչափահաս աղջկան: «Ինձ ձեռ-մեռ էր քցում, ասում էր, որ սիրում ա ու մամայիս հետ ամուսնացել ա ինձ հասնելու համար»,- hetq.am-ին պատմել է մանկահասակ կինը:
Հետո սկսել է երեխային վախեցնել, նույնիսկ մի քանի անգամ ձեռք է բարձրացրել վրան ու պարտադրել, որ կենակցի հետը: Աղջիկը երկար դիմադրել չի կարողացել ու մի օր էլ հանձնվել է:
Ասում է` թեև մոր հետ ընկերուհիների պես են, բայց կատարվածի մասին բավականին ուշ է նրան հայտնել` ցավ չպատճառելու համար: «Էն ժամանակ, երբ խորթ հայրս ինձ անպարկեշտ առաջարկություններ էր անում, փորձեցի մամայիս «նամյոկով» հասկացնել, բայց լուրջ չընդունեց: Իսկ երբ ճնշումներն ավելի հաճախակի դարձան, մայրս հասկացավ ու նրան տնից դուրս վռնդեց»:
Մայր ու աղջիկ, սակայն, կարճ ժամանակ անց ներել են օտար տղամարդուն և վերջինիս հարազատ աղջկա խնդրանքով կրկին հետ ընդունել: «Իրա աղջիկն ասում էր` պապաս մեղք ա, ապրելու տեղ չունի, ինքը լավ մարդ ա, հետ ընդունեք ու կտեսնեք, որ կփոխվի: Մենք էլ հավատացինք ու ներս ընդունեցինք: Ի՞նչ իմանայիք, որ ըսենց կվերջանար»,-պատմում էր անչափահաս կինը: Նրա խոսքով` խորթ հայրը մոր ննջասենյակում երբեք չի քնել: «Գործից հոգնած գալիս էր ու շորերով պառկում դիվանին` հեռուստացույց նայում ու քնում: Ինչքան էլ փորձում էինք սենյակ տանել` չէր գնում»:
«Լայթհաուս» հիմնադրամ գալու առաջին իսկ օրվանից աղջիկը հակված է եղել արհեստական վիժեցմամբ դադարեցնել անժամանակ ու անցանկալի հղիությունը: Բայց դա ոչ այնքան իր, որքան մոր ու մորաքրոջ որոշումն է եղել: «Հիմա էլ` հղիության ութերորդ ամսում, մայրը, «գործ անող» է ման գալիս, որ ազատվեն երեխայից: Երբ ասացի, որ իր արարքի մեջ հանցակազմ կա և կդիմեմ ոստիկանությանը` հանգստացավ»,-ասել է Լայթհաուսի ամերիկաբնակ հովանավոր Սեդա Ղազարյանը:
Հոգեբանական երկարատև զրույցները աղջկան ետ են պահել այդ որոշումից: «Հիմա ավելի հանգիստ է, ավելի լավ տրամադրությամբ, քան գալու առաջին օրերին: Այն ժամանակ մտածում էր, որ կանի այնպես, ինչպես կասի մայրը, բայց հիմա, պատրաստ է նույնիսկ պահել երեխային, եթե ապրելու տեղ և օգնող ունենա: Չնայած` հանձնելու է մանկատուն»,- ասել է հոգեբան Լիանա Սարգսյանը:
Մանկատուն բառից մայրանալ պատրաստվող երեխայի աչքերը լցվեցին: «Սկզբում մտածում էի, որ եթե իմ կողքին չի մեծանալու, ավելի լավ է չծնվի: Բայց հետո հասկացա, որ պետք է ծնվի, թեկուզ ինձանից հեռու` մանկատանը: Ամեն օր կգնամ, կտեսնեմ, կապս չեմ կտրի, որ չսառեմ»:
Իր ասելով` երեխային այնտեղ երկար չի թողի, ետ կվերցնի հենց որ չափահաս դառնա, աշխատանք գտնի ու տուն վարձակալի: Իսկ Լայթհաուս է եկել հարևաններից ու բարեկամներից թաքնվելու համար: Կծծնդաբերի, երեխային կհանձնի ու կգնա տուն, այնպես, ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ հարևաններին ու ծանոթ-բարեկամներին արդեն ասել են, իբր մի քանի ամսով ճամբարում է` ասաց Լայթհաուսի հիմնադիր տնօրեն Նաիրա Մուրադյանը:
Hetq.am-ը նշում է, որ աղջկա հարազատ հայրը, որ ավելի քան երկու տարի է` բաժանված է ընտանիքից, կատարվածի մասին ոչինչ չգիտի: «Հենց իմանա, կսպանի` ինձ էլ, իրան էլ»,-ասել է մայրության շեմին կանգնած երեխան: