«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը կարծում է, որ այսօր Հայաստանի բոլոր քաղաքացիները ավելի քան երբևէ պետք է համախմբվեն, որպիսզի սիրիահայ համայնքը դրսում չմնա և գոնե օդևանելու վայր տրամադրվի նրանց: Այս մասին ասված է կազմակերխության տարածած հայտարարության մեջ:
«Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած ենք` Հալեպում ընթացող գործողությունների համար: Ինչպես հայտնի է, Հալեպում են բնակվում բազմաթիվ մեր հայ եղբայրներ և քույրեր, ովքեր խույս տալով Օսմանյան բռնություններից, բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր Հայաստան, քանի որ այնտեղ արդեն նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված է: Ինչպես տեսնում ենք Հայաստանում` պետական մակարդակով այնքան էլ պատրաստ չէին սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին ընդունելու գործին», – ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ եթե Հայաստանում գործող չորս հազար կազմակերպություններից յուրաքանչյուրը մեկ ընտանիքի ապահովի «տանիքով», խնդիրը կլուծվի մեկ օրում:
«Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Սիրիայից Հայաստան գաղթող մեր եղբայրներին և քույրերին: Սիրիահայ գաղթականների հարցերով զբաղվող անհատների հետ հաստատված կապի շնորհիվ հուսանք, որ մեր օգնությունը ժամանակին կլինի և տեղին»,- նշում են հեղինակները: