ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանի մասին 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցներում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերին և առաջարկել պետությանն օրենսդրական փոփոխություններ կատարել և հետևողական լինել, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն:
Կոմիտեն, մասնավորապես, անդրադարձել է Մարտի 1-ի դեպքերին: Կոմիտեն նշել է, որ պետությունը պետք է արդյունավետ հետաքննական գործընթաց ստեղծի և ապահովի, որ Մարտի 1-ին ուժի գերազանցման համար պատասխանատու իրավապահները պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև տուժածներին փոխհատուցում տրվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով Կոմիտեյի զեկույցը, ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանն ասել է, որ Կոմիտեի համար 2008 թվականին արտակարգ դրություն հայտարարելու մասին հիմքերը պարզ չէին, ուստի Կոմիտեն նշել է, որ առհասարակ արտակարգ դրություն հայտարարելու օրինական հիմքերը մեր օրենսդրությունում պետք է հստակեցվեն և համապատասխանեն Կոմիտեի դաշնագրի 4-րդ հոդվածին:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Կոմիտեն նաև անհանգստացած է ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում կասկածելի մահերի և ենթադրյալ «դեդովշինայի», զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ: Կոմիտեն, ինչպես վերջերս ՄԱԿ-ի խոշտանգումների մասին կոմիտեն, մտահոգություն է հայտնել նաև կալանավայրերում գերբնակեցման առթիվ, ինչպես նաև դատական իշխանության անկախ չլինելու կապացությամբ:
Ըստ պարբերական զեկույցի` Հայաստանը չի ապահովում նաև քաղաքացիական այլընտրանքային ծառայություն իրականացումը, չի պայքարում պետական մարմիններում կոռուպցիայի տարածվածության դեմ:
Ասուլիսի մասնակից, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» նախագահ Լարա Ահարոնյանը նշել է, որ կոմիտեին մտահոգել է նաև այն, որ մեր երկրում կանայք ցածր ներգրավվածություն ունեն քաղաքական և հասարակական կյանքում, երկրորդ` կանանց նկատմամբ բռնության բարձր մակարդակ կա, մասնավորապես, ընտանեկան բռնության:
«Կոմիտեն առաջարկում էր, որ ընտանեկան բռնության մասին օրենք մշակվի, ավելացնեն ընտանեկան բռնության ապաստանները ողջ Հայաստանում: Կոմիտեն մատնանշել է նաև, որ մեր երկրում շատ են արվում հղիության արհեստական ընդհատումենր` հիմնված երեխայի սեռի վրա: Առաջարկվում է նաև օրենքներ մշակել դա կանխելու համար, օրինակ, արգելել սեռը հայտնել մինչև 16 շաբաթական հղիությունը, և գենդերային հավասարության մասին իրազեկման միջոցառումներ անցկացնել»,- ասել է Ահարոնյանը:
PINK Armenia ՀԿ-ի ծրագրերի համակարգող Մարինե Մարգարյանն էլ տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքերի կոմիտեն անհանգստացած է նաև հակախտրականության համապարփակ օրենսդրության բացակայությամբ և այն խտրականությամբ ու բռնությամբ, որոնց ենթարկվում են մարդիկ Հայաստանում իրենց սեռական կողմնորոշման պատճառով: