Սիրիայի առևտրային կենտրոնից՝ Հալեպից հաղորդագրություններ են ստացվում քաղաքում շարունակվող բախումների և ապստամբների դիրքերի վրա իրականացվող ուղղաթիռային հարձակումների մասին: Կառավարական զորքերի հարձակումները արդեն 4-րդ օրն է՝ չեն դադարում: Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդում է, որ զորքերը ծանր կորուստներ են պատճառել «ահաբեկչական խմբավորումներին», որոնք գտնվում են Հալեպում, ինչպես նաև ասվում է Հոմսում կառավարական ուժերի հաջողությունների մասին:
Միաժամանակ, ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվածության են եկել Սիրիայում քաղաքական անցումային շրջանի ստեղծման համար անհրաժեշտ պայմանների ուղղությամբ ջանքերի ակտիվացման վերաբերյալ:
Դա ենթադրում է, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, հայտարարել է Սպիտակ Տունը:
Սիրիական հեռուստատեսության հաղորդմամբ՝ կառավարական զորքերը շարունակում են հարձակումները Հալեպի մի քանի հատվածներում:
Երկուշաբթի հաղորդվում էր, որ բանակը ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Սալահ-ադ-Դին թաղամասը, որը պաշտպանում էին Սիրիայի ազատ բանակի ապստամբները:
Վերլուծաբանները նշում են, որ Սալահ-ադ-Դինի միջով կարևոր երթուղի է անցնում, որով հարավից սիրիական զորքերին աջակցություն է գալիս:
Սակայն հակակառավարական ակտիվիստները և ապստամբները հերքում են, որ կառավարական ուժերի հարձակումները հաջողությամբ են պսակվել: Նրանք հաղորդում են ինտենսիվ հրաձգության և ուղղաթիռային հարձակումների վերականգնման մասին: