«Հարսնաքարում» հուլիսի 17-ին ծեծի ենթարկված և 29-ին վերակենդանացման բաժանմունքում մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը, այսօր տարածել են հայտարարություն, որում մտահոգություն են հայտնում գործը քննող մարմնի` Ոստիկանության քննչական վարչության հատուկ կարևոր գործերի բաժնի կողմից թույլ տված օրենքի խախտումների առթիվ: Մասնավորապես, նախաքննական մարմինը ձգձգել է Ավետյանի հորը` Գառնիկ Ավետյանին տուժածի իրավահաջորդ ճանաչելու գործընթացը և չի տրամադրում գործի մասին այն բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնց տուժողի ներկայացուցիչ կողմը իրավունք ունի ծանոթանալու համաձայն քրեկական դատավարության օրենքի:
Ըստ փաստաբանների` Գառնիկ Ավետյանին՝ որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին փաստաբանների կողմից Ավետյանի հետ համաձայնեցված դիմումը անմիջապես ընդունելու փոխարեն` ՔԳՎ ՀԿԳ մարմինը այն չի բավարարել և Գառնիկ Ավետյանից այլ դիմում պահանջել: Փաստաբանները դիմել են Գլխավոր դատախազություն`պահաջելով սահմանել վերահսկողություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ` ապահովելու օրինականությունը և բացառելու քննություն իրականացնող մարմնի կամայականությունը: Երկար ձգձելուց հետո` Գառնիկ Ավետյանին ճանաչել են որպես իրավահաջորդ:
«Սպանված սպայի կյանքի իրավունքի խախտման դեպքի քննության նկատմամբ նախանձախնդրություն դրսևորող ցանկացած կառույց ուղղակի անմիջապես պետք է արձագանքի նման կամարտահայտությանը՝ բոլոր հնարավոր պայմաններն ապահովելով Գառնիկ Ավետյանին օր առաջ դատավարական կարգավիճակով օժտելով, նաև քննության արդյունավետության և հանրային վստահության բարձրացման նպատակներ ունենալով: Այնինչ, պետական կարևոր այս մարմնի պատասխանից ոչ այլ ինչ, քան «դուք մեզ չասեք, թե մենք ինչ անենք» հասկանալ հնարավոր չէ: Մի քանի օր շարունակ, մեր միջնորդությամբ խնդրված գործի նյութերի պատճեններ տրամադրելու փոխարեն` քրեական դատավարության օրենսգրքի իմացության ցուցադրական PR շոուներ կազմակերպելով’ չմոռանալով նաև իրենց գործելաոճի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող լրատվամիջոցներին էլ պատասխանելու ոստիկանականության դիրքին անհարիր գնահատականներով: Ի վերջո նման պատասխաններից հայտնի էլ չէ, թե ինչ կապ ունի Հանրապետության ոստիկանությունը քննչական համակարգի հետ, եթե այդ գործառույթն անկախ է ոստիկանական գործառույթից»,- ասված է հայտարարության մեջ: