Արդյո՞ք Վրաստանում վարակային զենքի ստեղծման ապօրինի փորձեր են իրականացվում: Այս հարցին փորձել է պատասխանել «Էխո Աբխազիա» պարբերականի հեղինակ Դմիտրի Կորսանտիյան, ում հոդվածը ներկայացնում է Ռեգնում գործակալությունը:
Ըստ Կորսանտիայի՝ 2011 թվականին Վրաստանի տարածքում H3N2 հարբուխի նոր վարակ է հայտնաբերվել: Մի շարք փորձագետների կարծիքով՝ դա գաղտնի լաբորատորիայում տեղի ունեցած տեխնոլոգիական վթարի արդյունք է, որը հանգեցրել է վարակի հիմքի արտահոսքի:
Հեղինակը հիշեցնում է, որ 2004-ի սեպտեմբերին, երբ երկրի իշխանությունն անցավ Միխեիլ Սահակաշվիլիի ձեռքը, պայմանավորվածություն ձեռք բերվեց «հասարակական առողջապահության ռեֆերալ լաբորատորիայի» ստեղծման մասին:
Լաբորատորիայի ստեղծումը պաշտոնապես մարդկանց և կենդանիների համաճարակների դեմ պայքարի նպատակ ունի: Դրա կառուցումն ավարտվել է 2009 թվականին: Նախագիծը 100 մլն դոլար է արժեցել:
Պարբերականը մեջբերում է նաև ճնշված ազգերի պաշտպանության գերմանական միության փորձագետ, դոկտոր Կամալ Սիդոյի կարծիքը, ով, պատասխանելով այն հարցին, թե ինչի համար է Վրաստանին պետք կենսաբանական հետազոտություններ անցկացնել, ասել է. «Եթե Վրաստանը այդպիսի կենսաբանական զենք ունենա, այն կկարողանա օգտագործել դա որպես «հաղթաթուղթ» ցանկացած պետության դեմ, որի հետ խնդիրներ կառաջանան» ,- կարծում է փորձագետը:
Նա զգուշացրել է նաև նման զենքի առկայության պայմաններում տարածաշրջանին սպառնացող վտանգների մասին, քանի որ Վրաստանը մշտապես օգտագործելու է այն անգամ ներքին խնդիրների լուծման նպատակով: