Բոլոր փաստերն ապացուցում են, 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանին սպանել են այլ վայրում, բերել են, բարձունքում նստեցրած դիրքում թողել են և հեռացել: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Արտակ Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ եթե իրենք սա կարողանան ապացուցել, արդեն իսկ սպանության փաստը կդառնա անժխտելի:
Այսօրվա դատական նիստի ժամանակ կատարվել է փաաստաղթղերի հրապարակում և իրեղեն պացույցների զննում:
«Նախաքննական մարմինը, տուժողի կողմի համոզմամբ, միտումնավոր չէր կատարել մի շատ կարևոր փորձաքննություն, որը կոչվում է հագուստի դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություն: Այդ փորձաքննությունը պետք է պատասխաներ այն հարցին, թե կա՞ն արդյոք Արտակ Նազարյանի հագուստների վրա արյան հետքեր, ո՞ւմ են պատկանում, կարո՞ղ են պատկանել Արտակ Նազարյանին: Արտակ Նազարյանի զինվորական վերնազգեստի և ներքնազգեստի վրա առկա են արնանման հետքեր, իսկ վարտիքի և տաբատի վրա նման հետքեր բացակայում են: Հիմա պարզորոշ ցույց է տալիս տուժող կողմին, որ հանգուցյալի դիքրը փոխված է, որովհետև նշյալ դեպքում, եթե նա լիներ այն դիրքում, որը պատկերված է գործում առկա լուսանկարներում, ապա նրա տաբատը և նրա վարտիքը անպայման ամբողջովին կարյունոտվեին, սակայն, ցավոք սրտի, նախաքննական մարմինը թերություն է թույլ տվել»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Լուսանկարում՝ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ