Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով դադարեցնել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումը և նրանց ազատ արձակել:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում վճիռ ընդունվեց, համաձայն որի Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրմաիջյանը 2-ից 6 տարվա ազատազրկման դատապարտվեցին:
Նախագահականի մոտ ելույթ ունեցան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, ակտիվիստներ Վարդգես Գասպարին ու Զառա Հովհաննիսյանը:
Լևոն Զուրաբյանը շնորհակալություն է հայտնել իրենց ակցիային մասնակցող բոլոր այլ քաղաքական ուժերին ու նախաձեռնությունների, որոնք թերևս ՀԱԿ-ի քաղաքականության հետ համամիտ չեն, բայց այս հարցում միակարծիք են: Արամ Մանուկյանն էլ տեղեկացրել է, որ իրենք դիմել են բոլոր միձազգային կառույցեներին և ևս մեկ անգամ հորդորել իշխանություններին խոհեմ գտնվել և ազատել երիտասարդներին:
Մինչ նախագահականի մոտ ընթանում էր ակցիան՝ ՀԱԿ-ի ակտիվիստ Վարգդես Գասպարին փորձել է անցնել դիմացի մայթ սահմանված վայրից, սակայն ոստիկանները նրան արգելել են դա անել: Վարգդես Գասպարին ոստիկաններին «խուլիգան» է անվանել, ինչպես նաև ասել է. «Վովա Գասպարյան՝ աննամուս լակոտ, էս լակոտներիդ հավաքի, տար»:
Նշենք նաև, որ երբ Վարդգես Գասպարրին չեն թույլատրել անցնել դիմացի մայթ, Գասպարիի փոխարեն դա արեց մի ֆրանսիահայ լրագրող, որին Գասպարին տվել է Կոնգրեսի իր վկայականը: Վերջինս կարճ ժամանակ նստել է նախագահականի դարպասների մոտ և հեռացել:
Ակցիայի ժամանակ մասնակիցները պահել էին տարբեր բովանդակությամբ պաստառներ, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատկերով խրտվիլակ, որտեղ վերջինս պատկերված էր ձեռնաշղթաներով:
Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ՝ Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Հյուսիսային պողոտա երթուղով:
Երթի ժամանակ ակտիվիստները վանկարկում էին «Ազատություն», «Սերժիկ, մարդասպան» և այլ կարգախոսներ: