Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների փայթյունի եզրակացությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն տվել է։
ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը «Ժողովուրդ» թերթին տեղեկացրել է, որ ԱԻՆ-ը հրդեհի ակտն ուղարկել է դատախազություն, որտեղից էլ՝ ոստիկանություն։
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով վարչության պետ Արսեն Այվազյանն ասել է. «Մենք ստացել ենք եզրակացությունը, համաձայն որի՝ փուչիկները լիցքավորված են եղել մեթան սեղմված գազով իսկ պայթյունի պատճառը եղել է բաց կրակը, ընդհանրապես մեթան գազը վտանգավոր է, և երբ այն խառնվում է օդի հետ, առաջանում է պայթյունավտանգ խառնուրդ։ Այդ խառնուրդը բաց կրակի նկատմամբ շատ զգայուն է, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել պայթյունը»։Իսկ թե ում հրահանգով է մեթան լցվել փուչիկների մեջ, ոստիկանությունն առայժմ չի հրապարակում։
Հիշեցնենք, որ գործով մեղադրանք էր առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը):
Ավելի վաղ «Հայկական ժամանակը» զրուցել էր Բոզոյանի հետ, ում ազատել էին չհեռանալու մասին ստորագրության դիմաց: