«Ժառանգություն» կուսակցությունը Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում առաջադրել է թեկնածուներ և զորակցություն է հայտնել ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող թեկնածուների: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Սիսիան քաղաքի ավագանու անդամի համար առաջադրվել է «Ժառանգության» Սիսիանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանի թեկնածությունը:
Կապանում քաղաքային ավագանու անդամի համար առաջադրվել է կուսակցության անդամ Սամվել Հայրապետյանը: Արտաշատի տարածքային ստորաբաժանումը Վերին Արտաշատ համայնքի ավագանու թեկնածու է առաջադրել Արարատ Միքայելյանին: Մասիս քաղաքի ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել կուսակցության Մասիսի կառույցի երիտասարդական թևի ղեկավար Գևորգ Մինասյանը:
Մեծամոր քաղաքում ավագանու անդամի համար կուսակցության կողմից առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Գագիկ Միկոյան և Արթուր Մկրտչյան:
Էջմիածնի շրջանի Ոսկեհատ համայնքում համայնքապետի թեկնածու է առաջադրվել Հովհաննես Գնոյանը:
Արմավիրի շրջանի Նորապատ համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել Գագիկ Մարգարյանը:
Գյումրիի քաղաքապետի ընտրությունում «Ժառանգությունը» պաշտպանելու է ՀՅԴ-ի կողմից առաջադրված Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը:
«Հավատարիմ քաղաքացիական հասարակությանը սատարելու իր ավանդույթին, Գյումրիի ավագանու համար պայքարում կուսակցությունը պաշտպանում է «Քաղաքը մերն է» նախաձեռնության առաջադրած թեկնածուներին: Հասարակությանը կոչ անելով ընտրել «Ժառանգության» կողմից առաջադրված կամ զորակցություն վայելող անձանց՝ կուսակցությունը հորդորում է ամենուր քվերակել հօգուտ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների», – նշված է «Ժառանգության» հայտարարության մեջ: