Home / Հայաստան / Աբովյանում երիտասարդին սպանել են փեսայի փոխարե՞ն. Պալաչը պնդում է, որ ոչնչի հետ կապ չունի

Աբովյանում երիտասարդին սպանել են փեսայի փոխարե՞ն. Պալաչը պնդում է, որ ոչնչի հետ կապ չունի

Աբովյանում երեկ տեղի ունեցած սպանության տակ աբովյանցիները որոշ «քաղաքական» ենթատեքստ են տեսնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Երեկ գիշերը՝ 02:00-ի սահմաններում, հրազենային բազմաթիվ վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Էդգար Խոջոյանը, ով հիվանդանոցում մահացել է:

«Ժողովրդի» հաղորդմամբ՝ սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ է եղել, Աբովյանում գործող «Ավազառ» տաքսի ծառայության տնօրենի աներորդին է: 30-ամյա երիտասարդը Ռոստովում կահույքագործությամբ էր զբաղվում և Հայաստան էր եկել օգոստոսի 17-ին: Սպանության օրը, ըստ օրաթերթի հետ զրուցած քաղաքի բնակիչների, Էդգարը «քեֆից» է եկել: Տուն բարձրանալու ժամանակ նրա վրա կրակել են: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 7 կրակված պարկուճ և չկրակված գնդակ: Հարուցվել է քրեական գործ:

Թերթն ընդգծում է, որ, ըստ աբովյանցիների, նշված տաքսի ծառայությունն առաջիկայում մրցույթի էր մասնակցելու Աբովյանում հայտնի Արթուր Հարությունյանի՝ Պալաչի երթուղիների հետ: Հիշեցնենք, որ Հարությունյանը «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատերն է, ով խնդիրներ ունի Գագիկ Ծառուկյանի հետ: Վերջինիս բարեգործական երթուղիների պատճառով Հարությունյանի երթուղիները խիստ տուժում են:

«Ժողովուրդը» գրում է, որ Աբովյանում կան կասկածներ, որ հանցագործը շփոթմամբ սպանել է Խոջոյանին, քանի որ հնարավոր է՝ նրա փոխարեն պետք է լիներ իր փեսան՝ «Ավազառ» տաքսի ծառայության տնօրենը: Սակայն բնակիչները հրաժարվել են պատասխանել թերթի թղթակցի հարցին՝ խուսափելով խոսել Պալաչից:

Արթուր Հարությունյանը թերթի հետ զրույցում հետևյալ կերպ է արձագանքել տվյալ խնդրին.

«Պարսկաստանում էլ երկրաշարժ է եղել: Իմ անունը դրա հետ չե՞ք կապում: Ես շատ զբաղված եմ ու ոչ մի բանի հետ կապված չեմ: Ոչնչից տեղյակ չեմ»: