Հալեպի հայաբնակ թաղամասերն անցել են ապստամբների վերահսկողության տակ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին:
Վերջին օրերին սիրիահայերն «Ազատություն» ռադիոկայանին պատմում էին, որ կառավարության ու ապստամբների զորքերի միջև մարտերը մոտեցել են իրենց թաղամասերին, որոշ տեղերում նաև մուտք են գործել հայկական թաղամասեր:
Ռադիոկայանի հետ զրույցներում սա հաստատեցին նաև երկուշաբթի երեկոյան Հալեպից ինքնաթիռով Երևան տեղափոխված սիրիահայերը:
«Նորից հասավ մեր մոտ», – ասաց նրանցից մի տղամարդ` հավելելով, որ իրավիճակը «շատ վտանգավոր է» և վերջին օրերի ընթացքում «մահեր էլ եղան»:
Հարցին, թե հատկապես ինչ առումով է վատ իրավիճակը, նա արձագանքեց. – «Ամեն ինչ վատ է»:
Նրա խոսքով՝ կառավարությանը հավատարիմ զորքը Հալեպի հայաշատ թաղամասերում պաշտպանում է հայերին:
Տղամարդն ասաց, որ ինքն իր ընտանիքով 15 օրով է եկել Հայաստան, բայց հնարավոր է, որ ավելի երկար մնան:
Հայաստանի կառավարությունն այս ամսվա սկզբին հայտարարում էր, որ Հալեպում թեժացած մարտերն ուղղված չեն հայերի դեմ, հետևաբար հալեպահայերին երկրից դուրս բերելու անհրաժեշտություն չկա:
Հայաստանի կառավարությունն ու Հալեպի հայկական համայնքի ներկայացուցիչները առայժմ չեն խոսում հալեպահայերի տարհանման մասին:
Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների՝ Սիրիայում արդեն զոհվել է 10 հայ, որոնցից 2-ը` վերջին օրերին: