Ռուսաստանցի ենթասպահ Դենիս Ռատնիկովը, ում, իբր, ձերբակալման ժամանակ կծել է ընդդիմադիր գործիչ, աշխարհահռչակ շախմատիստ Գարրի Կասպարովը, կիսվել է միջադեպի մանրամասներով, գրում է Newsru.com-ը: Նշենք, որ Կասպարովին ձերբակալել են Pussy Riot պանկ-խմբի անդամներին ազատելու պահանջով կազմակերված բողոքի ակցիայի ժամանակ:
Ռատնիկովի խոսքով՝ աշխարհի 13-րդ չեմպիոնը հարձակվել է իր վրա՝ փորձելով դուրս պրծնել ոստիկանական ավտոբուսից:
Կասպարովը, ըստ նրա, փորձել է ճեղքել ոստիկանների պատը, սակայն Ռատնիկովն իրեն կանգնեցրել է, ինչից հետո ընդդիմադիր գործիչը կծել է իր դաստակը:
Հարցին՝ արդյոք Կասպարովն իրեն ուժեղ է կծել, ենթասպան պատասխանել է. «Արյուն եկավ, մինչև հիմա երկու մատներս չեմ զգում»:
Նշենք, որ Կասպարովին կարող են մեղադրանք առաջադրել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 318 հոդվածով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը»: Նրան կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում:
Կասպարովը պնդում է, որ ոստիկանին չի ծեծել, իսկ ցուցմունք տալուց հետո հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել երկու դատական հայց ներկայացնելու հարցով: Առաջին դեպքում նա բողոքելու է իրեն ապօրինի բերման ենթարկելու և ոստիկանների գործողությունների դեմ, երկրորդ դեպքում՝ զրպարտության:
Տեղի ունեցած միջադեպը բազմաթիվ հեգնական մեկնաբանությունների առիթ է դարձել, իսկ ՌԴ կառավարության փոխնախագահ Դմիտրի Ռոգոզինը Twitter-ում առաջարկել է ոստիկանին պատվաստվել կատաղության դեմ: Դատաբժշկական փորձագետ Իվան Կուզնեցովը, մեկնաբանելով Ռոգոզինի հեգնական հայտարարությունը, կարծիք է հայտնել, որ պատվաստումների կարիք չի լինի, քանի որ Կասպարովը, հավանաբար, կատաղությամբ չի տառապում: