Սյունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունները քննադատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը և կոչ են անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ: Այս մասին ասված է 5 ՀԿ-ների երեկ տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում երկու օր առաջ տեղի ունեցած վթարին, որի հետևանքով, ըստ Կապանի բնապահպանական կազմակերպությունների, վնասվել է պոչամբարը և Ողջի գետում ավելի քան 12 ժամ պոչեր են հոսել:
Այդ առնչությամբ Կապանում գործող ՀԿ-երը քննարկում են կազմակերպել, որի նպատակն էր Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության և կոմբինատի ներկայացուցիչներից ստանալ համապատասխան պարզաբանումներ:
«Սակայն Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը: Տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետևանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով, առաջիկայում համապատասխան հարցադրումներով կդիմենք ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում, շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի ՀԿ-երը հետևողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը», – ասված է ՀԿ-ների կողմից տարածած հայատարարության մեջ:
Հայտարարության տակ ստորագրել են՝ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը, «Ազատամարտ» Կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանը, «Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոն»-ի համակարգող Աշոտ Ավագյանը, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ Քրիստինա Սաղաթելյանը: