Ըստ երևույթի, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրվելու մասին որոշումը կընդունի սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ Տեր-Պետրոսյանը որոշումը կկայացնի այն ժամանակ, երբ մանրամասն ուսումնասիրի իր ռեսուրսային հնարավորությունները, քաղաքական դաշնակիցների հնարավորությունները, ստեղծված միջազգային իրավիճակը, ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը:
«Իմ կարծիքով՝ նա այդպես է վարվում, որովհետև լուրջ քաղաքական գործիչ է, և իր խնդիրը ՀՀ շահերից բխող որոշում կայացնելն է: Իմ և իմ թիմակիցների խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ մենք կարողանանք ինչքան հնարավոր է` նպաստավոր պայմաններ ստեղծել նրա դրական որոշման կայացման համար», – հայտարարել է Լևոն Զուրաբյանը: