Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս 32-ամյա Արամ Համբարյանը կասկածվում է է նույն ինստիտուտի այս տարվա շրջանավարտ Մարինե Վարդումյանին բռնաբարելու մեջ:
Այն բանից հետո, երբ 21-ամյա ուսանողուհին դեպքի կապակցությամբ հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` մանրամասնելով, թե երիտասարդ դասախոսը, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ` վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ, նախաքննություն էր սկսվել, գրում է «Առավոտը»:
Արդյունքում՝ Համբարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է «Բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով»:
Ինչպես «Առավոտին» հայտնել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնից, այս պահին հարուցվել է քրեական գործ և ընթանում է նախաքննություն:
«Համբարյանին որևէ կարգավիճակ տրված չէ»,- ասել են քննչական բաժնում:
«Առավոտի» հետ զրույցում դասախոս Համբարյանը, պնդելով դեպքին առնչություն չունենալու `մինչև այս տրված մեկնաբանությունները` հորդորեց լրատվամիջոցներին զբաղվել առավել կարևոր գործերով:
«Հերիք է, ինչքան կարելի է, ինձ մեծ լավություն արած կլինեք, որ այս թեման այլևս չշոշափեք »,- ասել է վերջին շրջանում այս խնդրով լրատվամիջոցների հետաքրքրասիրությունը չափից անհարկի համարող դասախոսը: