Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավարտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի` ՀՀ կառավարության դեմ ներկայացրած դիմումի քննարկումը, և առաջիկա ամիսներին վճիռ կկայացվի:
«ՀԺ» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է նշված գործով Եվրադատարանում «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հրատարակիչ ընկերությունը Եվրադատարանում բողոքարկել է Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի ստորագրած հրամանագրի այն կետը, որով արգելվել էր լրատվամիջոցների ազատ գործունեությունը: ՀՀ իշխանություններն այդ հրամանագրի հիման վրա «ՀԺ»-ին և մի շարք այլ օրաթերթերի 20 օր շարունակ արգելեցին հրապարակվել:
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր հրատարակած օրաթերթի տպագրությունը 20 օր արգելելու համար ՀՀ կառավարությունից պահանջել է 9 միլիոն դրամի փոխհատուցում, ևս քսան հազար եվրո ընկերությունը պահանջել է վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ փաստաբանական ծախսերի համար փոխհատուցման պահանջը գնահատվել է 10 հազար եվրո: Դիմումների քննարկումն ավարտելուց հետո Եվրադատարանը, սովորաբար, վճիռները 6 ամսից 1 տարվա ընթացքում է կայացնում: