Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի հերթական նիստն է հրավիրելու, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն հերթական նիստում պատրաստվում է քննարկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր:
Թերթը նշում է, որ ամենայն հավանականությամբ այսօրվա նիստում վերջնական հստակեցումներ կմտցվեն ինտրիգային Աբովյան քաղաքի ընտրությունների հարցում:
«Հրապարակի» տեղեկություններով, ՀՀԿ-ն «դաբրո» չի տվել «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր, կուսակից Արթուր Հարությունյանին՝ Պալաչ մականունով, ով, ըստ լուրերի, ցանկանում էր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:
«ՀՀԿ թեկնածուն այստեղ, ամենայն հավանականությամբ, կլինի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ով կպայքարի գործող քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանի դեմ», – գրում է թերթը: