Անկախության հռչակագրի ընդունման տոնը, ըստ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, ինչպես այլ ազգային տոներ, չի տոնվում ինչպես հարկն է: 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի մասին Հայրիկյանը խոսել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, այնուամենայիվ, 1990 թվականի իշխանությունների մակարդակի համար Անկախության հռչակագրի ընդունումը թռիչքային որոշում էր, որին, սակայն, ըստ Հայրիկյանի, այդ իշխանությունները պատրաստ չէին:
Բանախոսը նկատել է, որ իրական անկախականները չընդունեցին Անկախության հռչակագիրը Հայաստանում, ինչպես ԱՄՆ-ում է եղել: Հայրիկյանի խոսքով՝ այն ընդունել են Խորհրդային Հայաստանի բարձր պաշտոնյաների օգնություն ունեցող մարդիկ, ուստի դրանում կան որոշ թերություններ և կետեր, որոնք թղթին էլ մնացին:
«Օրինակ, թեև հռչակագրում կա դրույթ պատմական արդարության վերականգման մասին, սակայն Երրորդ Հանրապետության առաջին իշխանությունները ոչինչ չարեցին չեղյալ համարելու 1921թ. Մոսկվայի պայմանագիրը, որով Ռուսաստանը և Թուրքիան անկախությունից զրկել էին երրորդ երկիր Հայաստանին՝ խախտելով միջազգային իրավունքը», – հայտարարել է քաղաքական գործիչը:
Հայրիկյանի կարծիքով՝ սխալ էր ձևակերպված նաև Հայոց ցեղասպանության խնդիրը:
«Մենք առաջարկում էինք պայքարել Ցեղասպանության հետևանքների վերացնելու համար, այլ ոչ թե միջազգային ճանաչմանը ձգտել: Պետք էր նաև ասել, որ Հայաստանի Հանրապետության սահմանները ժամանակավոր են ընդունվում, մինչև որ կվերականգնվեն մինչ այդ խախտված միջազգային իրավունքի նորմերը՝ մեր երկրի հետ կապված, և նոր սահմաններ կընդունվեն»,- կարծիք է հայտնել ԱԻՄ նախագահը:
Նա ասել է, որ ինչքան էլ կարևոր էր պետականության վերականգնումը 1991թ.-ին, պետք է չմոռանալ, որ Հայ պետականությունը ոչ թե 20 տարվա, այլ 4000 տարվա պատմություն ունի, այն վերականգնվել է 1918թ. մայիսի 28-ին և 1990թ. oգոստոսի 23-ին: