Home / Հայաստան / Իրանը որոշել է տուգանել Ադրբեջանին Կասպից ծովն աղտոտելու համար

Իրանը որոշել է տուգանել Ադրբեջանին Կասպից ծովն աղտոտելու համար

Իրանը մտադիր է Ադրբեջանից տուգանք պահանջել Կասպից ծովի բնապահպանական իրավիճակը վատթարացնելու համար, հաղորդում է իրանական «Փայվանդ» գործակալությունը: Իրանի ծովային դեպարտամենտի բնապահպանական կազմակերպության փոխտնօրեն Աբդել Ռեզա Քարբասին հայտարարել է, որ ադրբեջանական կողմը միջոցներ չի ձեռնարկում Կասպից ծովի մաքրման ուղղությամբ, բացի դա, նավթ ստանալու համար օգտագործում է հին սարքավորումներ:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ պաշտոնական Թեհրանը պատրաստվում է ծովի մարքման աշխատանքների մոտավոր նախահաշիվ կազմել, որը կուղարկվի ադրբեջանական կողմին՝ վճարելու պահանջով:

Իրանցի բնապահպանների հետազոտությունների հետևանքով փաստաթուղթ է կազմվել, որին կցվել են արբանյակից արված լուսանկարներ: Դրանցում երևում է, թե ինչպես 110 կմ երկարությամբ նավթային բծերը Ադրբեջանից գալիս են դեպի Իրանին պատկանող ծովի հատվածը:

Վերջին տարիներին բնապահպանները լրջորեն ահազանգում են Կասպից ծովի վիճակի մասին:  Իրանի բնապահպանության ինստիտուտի տնօրեն Ռեզա Պուրղոլամը հայտարարել էր, որ նավթային և արդյունաբերական աղտոտումը Կասպից ծովում հասել է ճգնաժամային մակարդակի:

Պուրղոլամը պնդել է, որ տարեկան 122 տոննա առողջության համար վտանգավոր նյութեր են թափվում Կասպից ծովը, իսկ Իրանը, որը միայն գյուղատնտեսական արտադրանքի թափոններ է լցնում Կասպից ծով, դրա աղտոտման համար պատասխանատվություն չի կրում: Իրանական կողմի համաձայն, հիմնական աղտոտող երկրներն են Ադրբեջանը, Ղազախստանը և Ռուսաստանը, որոնք զբաղվում են նավթի արտահանմամբ: