2011 թվականի սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործով ձերբակալված ազգությամբ եզդի 18-ամյա Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը (լուսանկարում) այսօր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կրկին ցանկացել է նետվել աշխատանքի ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեքենայի տակ: Այս մասին Epress.am-ի թղթակցին հայտնել է ինքը՝ Կարինե Ամոյանն ու ընդգծել, որ առավոտյան մի խումբ ազգականների հետ Բաղրամյան 26 է գնացել՝ պահանջելով 10.000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել որդուն ու, չնայած իրենց բղավոցներին ու ոստիկանների հետ քաշքշուկին, այսօր նրանք ևս չեն արժանացել Սերժ Սարգսյանի ուշադրությանը:
Հիշեցնենք, որ Քյարամ Ամոյանի մոր խոսքով՝ տղան ունի մի շարք առողջական խնդիրներ և ինքը բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին՝ որդուն 10.000 դոլար գրավի դիմաց ազատ արձակելու ու բուժման տանելու խնդրանքով, ինչը մերժվել է: Նա բազմիցս շեշտել է, որ Քյարամն անմեղ է: Մոր խոսքով՝ դա են ապացուցում մի շարք փաստեր, մասնավորապես, այն, որ Քյարամի մատնահետքերի, արյան ու քրտինքի փորձաքննությունը պարզել է, որ դրանք չեն համընկնում ավազակային հարձակումներն իրականացնողների թողած հետքերի հետ: Այնուամենայնիվ, ծնողը նշում է, որ բուժումից հետո Քյարամին պատրաստ կլինի կանգնել արդարադատության առջև:
«Երբ նախագահի ավտոշարասյունը մոտեցավ, մենք սկսեցինք բղավել «նախագահ, նախագահ», սակայն ոչ մի արձագանք: Ավելի ուշ ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանն ինձ հրավիրեց նամակների բաժին ու նշեց, որ ինքը իմ պահանջի մասին տեղեկացրել է Վերահսկողության ծառայության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանին ու այսօր՝ մինչև օրվա ավարտը, անպայման ինձ որոշակի պատասխան կտան», – պատմել է Ամոյանն ու հավելել, որ իր պահանջն է՝ կամ վիրահատությունն իրականացնել պետության միջոցներով, կամ թույլ տալ իրեն սեփական միջոցներով տղային տանել վիրահատության:
Նշենք, որ Քյարամ Ամոյանին հունիսի 11-ին «Դատապարտյալների հիվանդանոցից», տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական, քանի որ նրա առողջական վիճակը գնահատվել էր բավարար: