Իրավապահ մարմինները ջանասիրաբար ոչնչացրել են խմբակային անպատժելիության հստակ շղարշի ներքո իրականացված սպանություն և դաժան ծեծի հետքերը: Խոսելով ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր անց հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործի մասին՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության անդամ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Ես, օրինակ, կարծում եմ, որ այնտեղ նույն մարդիկ են, որոնք որ մարտի 1-ով սպանություն են արել, ո՞ր մեկը կարող է ասել՝ ոչ: Մենք ունենք դեպք՝ մարտի 1, երբ տասը մարդու սպանողներից և որևէ մեկը չի պատժվել, նշանակում է՝ մարդասպանները գտնվում են ազատության մեջ: Չի բացառվում, որ խրախուսվում են, եթե այդպիսի անպատժելիության մթնոլորտը կա և այդպես լկտի, դաժան, տմարդի գործողություններով կարելի է մարդուն սպանել, նշանակում է՝ այդ անձինք մի անգամ չէ, որ դա գործել են ու ներվել է: Լինեն դա այդ մարդիկ, թե ուրիշները՝ հիշե՛ք, մարդասպանները ազատության մեջ են, և նրանք սպառնում են ցանկացած քաղաքացու», – ասել է Լարիսա Ալավերդյանը:
Ասուլիսին ներկա «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ
Զառա Հովհաննիսյանը, իր հերթին, նշել է, որ Ռուբեն Հայրապետյանը, ով կասկածվում է այս հանցագործության մեջ, գտնվում է իշխանական բարձր մարմնի ներքո, և նրա՝ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմումին ընթացք չի տրվել և այժմ օդի մեջ կախված է:
«Դեռ տեսնում եք թախանձագին խնդրագրեր, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը շարունակի ներկայացնել ինչ-որ մարդկանց ԱԺ-ում, որն ինձ համար ուղղակի զարմանալի է: Եվ մենք ունենք հստակ փաստ, որ այն մարդիկ, ովքեր կաշառքով անցկացրել են Ռուբեն Հայրապետյանին պատգամավոր, նույն մարդիկ հավաքում են ստորագրություններ նույն կաշառք վերցրած մարդկանցից, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը մնա ԱԺ-ում և շարունակի կարծես թե զուտ պաշտպանել ինչ-որ մարդկանց՝ իր ծեծի սկզբունքներով: Այնպես որ, կարծում եմ, որ դա կազմակերպված հանցագործության և ՀՀԿ-ի գծի մի մասն է», – ասել է Զառա Հովհաննիսյանը: