Oգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ – Մյասնիկյան խաչմերուկում ոչնչացվել են Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Կարեն Թումանյանի (նկարում) նախընտրական պաստառները, ասված է վերջինիս մամուլի ծառայության կողմից երեկ տարածած հայտարարության մեջ:
Թեկնածուի մամուլի ծառայությունը նաև նշում է, որ օգոստոսի 26-ին, ժամը 15.00-ին Դեմիրճյան թիվ 21 շենքի բակում ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անձնավորություն սպիտակ գույնի 30-390 պետհամարանիշի «Նիվա» ավտոմեքենայով «ահաբեկել է Թումանյանի հետ հանդիպման մասնակիցներին, վիրավորանք հասցրել հանդիպումը նկարահանող օպերատորին, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցույց տվել մի խումբ վանաձորցիների ու դիմել փախուստի»:
«Կարեն Թումանյանի նախընտրական շտաբը վճռական է տրամադրված՝ կանխելու նմանօրինակ քայլերը մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուի կողմնակիցների անունից խստորեն դատապարտում է այդ միջադեպը: Նախընտրական շտաբը քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի համախոհների անունից կոչ է անում իրավապահ մարմիններին ստույգ տվյալների, ակնհայտ փաստերի և թարմ հետքերի հիման վրա հայտնաբերել միջադեպի կազմակերպիչներին, պատվիրատուին և կատարողներին», – նշված է թեկնածուի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ Վանաձորում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու՝ ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Էդիկ Կարախանյանը և անկուսակցականներ Կարեն Թումանյանը, Տիգրան Գրիգորյանն ու Տարոն Ապրեսյանը: