Երեկ Գյումրիի քաղաքի ծայրամասային՝ «Գծի հետև» կոչվող թաղամասում իրար վրա են կրակել մի խումբ երիտասարդներ, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ կրակոցների մասին թերթին տեղեկացրել են թաղամասի բնակիչները:
«ՀԺ»-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո, որը կազմակերպել են այդ թաղամասի թաղային հեղինակություն հանդիսացող մի խումբ երիտասարդներ: Վերջիններս ոչ միայն կազմակերպել են հանդիպումը, նաև մասնակցել են դրան ու հայտարարել, որ պատրաստ են զորակցել և սատարել քաղաքապետի թեկնածու Բալասանյանին:
Թերթը նշում է, որ, ըստ քաղաքում պտտվող լուրերի, այդ երիտասարդները նախկինում սերտ կապերի մեջ են եղել ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ: Խոսվում է նաև, որ քաղաքապետի որդին, որը Ռուսաստանի Դաշնությունից օրերս է վերադարձել Հայաստան, իր մտերիմների հետ «Գծի հետև է» եկել այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով:
«Սկզբում մեքենաներ հավաքվեցին, ինչ-որ խոսակցություններ, հետո կրակոցներ լսեցինք, վախեցանք, մեկ էլ տեսնինք, օր չորս կողմից փախան, ու էլ չիդեմ ինչ էղավ, ոստիկանները էկան թաղամաս, էն էլ՝ արդեն փախել էին», – թերթի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է բնակիչներից մեկը:
Գյումրիում հնչած կրակոցների մասին լուրը հաստատել է նաև Շիրակի մարզի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը:
«Ճի՞շտ են այն լուրերը, որ Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Դուկասյանն է կրակոցների հեղինակը, նա՞ է կրակել, թե հակառակ կողմից են հնչել կրակոցները», – «ՀԺ»-ի հարցին Բաբակեխյանը պատասխանել է, որ գործի նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի կարող մանրամասներ հայտնել, այդ թվում` միջադեպի մասնակիցների անունները: Նա նաև ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է այդ միջադեպին:
«Կներեք, դրանից ավելի բան ասել չեմ կարող, հիմա ընթանում է նախաքննություն, կարող եք դիմել մեր ոստիկանության լրատվության բաժին, այլ մանրամասներ գուցե հայտնեն»,- ասել է նա:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից թերթի թղթակցին փոխանցել են, որ Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ ոստիկանության աշխատակիցները փնտրում են միջադեպի մասնակիցներին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նույնպես չի հերքել, որ միջադեպին մասնակցել է Սպարտակ Ղուկասյանը: Ըստ նրա՝ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ), իսկ մանրամասները ճշտվում են:
Թերթի տեղեկություններով՝ ուշ երեկոյի դրությամբ փախուստի մեջ էին և՛ կրակողները, և՛ նրանց թիրախները, և՛ վկաները: