Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին: Նա դատապարտել է Երուսաղեմում գտնվող Խար Խոմա թաղամասում 130 նոր բնակարանների կառուցման ծրագրերը: Հայտարարության մեջ Խար Խոման ներկայացվում է որպես «Արևելյան Երուսաղեմի մի մաս»:
Դավութօղլուի խոսքով՝ մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Սիրիայում տեղի ունեցող գործողությունների վրա, Իսրայելը ստեղծված իրավիճակն իր շահերին է ծառայեցնում և շարունակում է տարածքի բնակեցման գործողությունները, որոնք հակասում են միջազգային օրենքին: Դա լուրջ խնդիր է և ամենակարևոր խնդիրն է արաբ-իսրայելական հակամարտության «երկու երկիր երկու ազգերի համար» բանաձևով խաղաղ կարգավորման ճանապարհին: Անկարան կոչ է արել «դադարեցնել խաղաղության հիմքերը խարխլող ցանկացած ակտիվություն» և կոչ է արել «միջազգային հանրությանը արձագանքել»:
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Պոլ Հիրշսոնը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունը: «Ողջ աշխարհում տեղի ունեցող անթիվ ողբերգական իրադարձությունները Արևելյան Երուսաղեմում իրականացվող կառուցապատման հետ կապելը ոչ մի իրական հիմք չունի»: