Home / Հայաստան / Ինչու ադամանդի բիզնեսը չստացվեց. գործընկերը մեղադրում է «Հայրապետյան եղբայրների» սեփականատիրոջը

Ինչու ադամանդի բիզնեսը չստացվեց. գործընկերը մեղադրում է «Հայրապետյան եղբայրների» սեփականատիրոջը

«Հայրապետյան եղբայրներ» ընկերության սեփականատերեր Փայլակ Հայրապետյանի գործընկեր Աշոտ Սուքիասյանը էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել «Հրապարակ» օրաթերթին, որում ներկայացնում է համատեղ բիզնեսի անհաջողության պատճառների իր վարկածը: Հիշեցնենք, որ գործընկերները նախատեսել էին ադամանդներ բերել Աֆրիկայից և դրա համար վարկ վերցրել «Ամերիաբանկից»՝ գրավ դնելով «Հայաստան» հանրախանութը, սակայն վարկը ժամանակին չի վճարվել, և «Ամերիաբանկը» սեփականության իրավունքով վերցրել է գույքը: Հայրապետյանը դրանում մեղադրել է Սուքիասյանին, բողոք է ներկայացրել նրա դեմ, և այժմ բողոքի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ Սուքիասյանը թաքնվում է քննությունից:

Վերջինիս նամակում նշվում է, որ Հայրապետյանն ինքն է համառորեն խնդրել, որ ինքը Աֆրիկայից ադամանդներ բերի, և դրանք մշակվեն իր գործարանում: Արդյունքում կազմվել է բիզնես-ծրագիր, որը հաստատվել է «Ամերիաբանկի» խորհրդի կողմից, և որի հիման վրա էլ գրավադրվել է Հայրապետյանի ողջ գույքը, որ տրամադրվի 12 միլիոն դոլարի վարկ` 10 տարի ժամկետով: Ըստ Սուքիասյանի, գործարքը կնքելուց հետո ինքն իմացել է, որ Հայրապետյանը մեծ պարտքեր ունի, և փորձել է ետ կանգնել, սակայն Հայրապետյանն ասել է, «որ ինքը կործանման, խայտառակման եզրին է, որ իր ընտանիքն իրենից երես է թեքել իր ֆինանսական խնդիրների պատճառով… խնդրեց վճարեմ իր պարտքերը ու փրկեմ խայտառակությունից և օգնեմ աշխատեցնել իր գործարանը»:

Ըստ Սուքիասյանի` ինքը փակել է Հայրապետյանի պարտքերը, իսկ այդ ընթացքում բանկը սկսել է դանդաղեցնել վարկի տրամադրումը և տոկոսադրույքը 12-ից դարձրել է 15:

«Ի սկզբանե խախտած լինելով բիզնեսի գրաֆիկը, ստիպված էի վճարել բանկին գումարներ, չունենալով բիզնեսից որևէ եկամուտ, քանի որ բիզնեսը նույնիսկ 1 տարեկան չկար»,- գրում է նա: Ապա նշում է, որ Հայրապետյանը բանկի միջոցով պատերազմ է հայտարարել իրեն` «խաղալով կրկնակի խաղ»: «Այս ամենի մեղավորը միայն ես էի, որ փորձեցի օգնել մի մարդու, ով, արթիկտուֆը չկարողանալով տարբերել ադամանդից, փորձում էր այս խիստ մասնագիտական ոլորտը մտնել»,- գրել է Սուքիասյանը:

«Հրապարակը» գրում է, որ նա Հայրապետյանին մեղադրել է իր դեմ մահափորձ ծրագրելու մեջ:

«Մի օր ուշ գիշերով, ալկոհոլի ազդեցության տակ, զանգահարեց ինձ և հպարտանալով ասաց, որ վարձել է մարդիկ, որ սպանեն ինձ: Փայլակ Հայրապետյանի բարեկամները, ծանոթները, ընտանիքի որոշ անդամները բազմիցս ինձ զգուշացնում էին, որ նա տառապում է անպատասխանատվությամբ, չար կասկածամտությամբ, բանսարկությամբ», – գրել է փախուստի մեջ գտնվող գործարարը: