Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին ազատազրկման դատապարտած Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու համար պաշտպանական կողմը մի շարք փաստարկներ ունի:
Փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ «Հայկական ժամանակին» ասել է, որ ամենակարևոր փաստարկներից մեկն այն է, որ դատավորը խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ ակտիվիստ, ամբաստանյալ Սարգիս Գևորգյանին, նախ, արգելել էր ավարտել իր պաշտպանական ճառը, ապա արգելել էր նաև վերջին խոսք ասել:
«Դա քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի համաձայն` ամեն դեպքում դատավճիռը բեկանելու հիմք է: Այսինքն, եթե մեր բերած մյուս փաստարկները հաշվի չառնվեն, միայն վերոնշյալ փաստը դատավճիռը բեկանելու հիմք է»,- ասել է փաստաբանը: