Home / Հայաստան / Հայաստանի շախմատի հավաքականները մեկական միավոր զիջեցին մրցակիցներին

Հայաստանի շախմատի հավաքականները մեկական միավոր զիջեցին մրցակիցներին

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ստամբուլում անցկացվող Շախմատային օլիմպիադայում: Առաջին տուրում մեր ընտրանին, որը հանդես էր գալիս առանց առաջին համար Լևոն Արոնյանի, 3:1 հաշվով պարտության մատնեց Բոլիվիայի ընտրանուն:

Բավական թույլ մրցակցին մեկ միավոր զիջեց Արոնյանի փոխարեն առաջին տախտակին հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, ով սևերով տանուլ տվեց իր պարտիան Օսվալդո Սամբրանային: Մեր մյուս երեք գրոսմայստերները՝ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը, հեշտ հաղթանակներ տարան մրցակիցների նկատմամբ:

Առաջին տուրում բոլոր հիմնական ֆավորիտները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Գերմանիան և Հունգարիան, նույնպես վստահ հաղթանակներ տարան կարգով ավելի թույլ մրցակիցների դեմ հանդիպումներում:

Կանանց մրցապայքարում հայաստանցիները նույնպես խաղում էին առանց առաջատարի՝ Էլինա Դանիելյանի, և նույնպես 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Հորդանանցիների դեմ անհաջողության մատնվեց երկրորդ տախտակին հանդես եկող Լիլիթ Գալոյանը, իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը հաղթանակներ տարան: