Home / Հայաստան / Միշա Քալանթարյանը զենքն ամբողջ օրը ձեռքում էր պահում. եղբայրը պնդում է, որ մահը պատահականություն էր

Միշա Քալանթարյանը զենքն ամբողջ օրը ձեռքում էր պահում. եղբայրը պնդում է, որ մահը պատահականություն էր

Օգոստոսի 17-ին ինքնասպան եղած Միշա Քալանթարյանի եղբայրը՝ գործարար Փայլակ Հայրապետյանը, «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ իր եղբոր ինքնասպանությունը պատահականություն է:

«Ես դեպքից հետո եղել եմ այնտեղ, և ինքնասպանության ոչ մի հարց չկա: Նա այնքան էր սիրում ինքն իրեն, իր ընտանիքը: Նա ունի սուրբ ընտանիք, սուրբ երեխաներ, նա ունի սուրբ թոռներ, նա ապրում էր բարձր մակարդակի վրա: Առիթը չկար, որ նա ինքնասպան լիներ, այդպիսի առիթ գոյություն չուներ: Բայց իր մոտ մի սխալ բան ուներ: Ինչպե՞ս է, որ հեռախոսն ամբողջ օրը մեր ձեռքին է, այնպես էլ նրա մոտ իր զենքն էր ամբողջ օրը ձեռքին: Նստած է եղել, զենքը քանդել է, ինձ թվում է` հավաքելու ժամանակ փողի մեջ փամփուշտ է մնացած եղել, և հենց դա էլ կրակվել ա: Նա ինքնասպան լինելու ոչ մի պատճառ չուներ:», – ասել է Հայրապետյանը:

Հայրապետյանը նաև հերքել է, թե մահը կարող է կապ ունենալ իր և Աշոտ Սուքիասյանի միջև ծագած խնդրի հետ, որի հետևանքով Հայրապետյանից վերցրել են «Ամերիաբանկում» գրավադրված «Հայաստան» հանրախանութը, և այժմ Հայրապետյանը բողոք է ներկայացրել գործընկերոջ դեմ:

«Դա բացառված է: Այդ գործի հետ ոչ մեկը, բացի ինձանից, կապ չունի: Ոչ Միշան, ոչ իմ տղաները, ոչ իմ թոռները, ոչ իմ բարեկամները», – նշել է Քալանթարյանը:

«Հրապարակը» նշում է, որ Հայրապետյանը բացառել է նաև սպանության վարկածը, որը կարող էր կապված լինել 2002 թվականին տեղի ունեցած Հովիկ Մանուկյանի աղմկոտ սպանության հետ, որի կատարման մեջ Միշա Քալանթարյանն ընդունել էր իր մեղքը, սակայն դատարանը նրան անմեղսունակ էր ճանաչել և ազատել քրեական պատասխանատվությունից:

«Նման բանի համար պետք է, որ տունը մարդ մտած լիներ, բայց տան ամբողջ տարածքը տեսահսկվում է, կամերաներ են տեղադրված: Բացառվում է, որ տուն մարդ մտած լիներ», – ասել է Հայրապետյանը: