Օգոստոսի 27-ին երեկոյան Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, կայացավ Շախմատային Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը և թիմերի ավագների հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցավ առաջին տուրի վիճակահանությունը:
Բաց մրցաշարում վարկանիշով 3-րդ Հայաստանի հավաքականն այսօր կայանալիք մեկնարկային փուլում կմրցի աշխարհի 80-րդ թիմի՝ Բոլիվիայի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և պահեստային Տիգրան Պետրոսյանը:
Բաց առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմը՝ Ռուսաստանը, ուժերը կչափի Դոմինիկյան Հանրապետության թիմի, իսկ Ուկրաինան՝ Իրաքի հետ:
Հաղթողի կոչման հավակնորդներից Հունգարիան մրցելու է Ղրղզստանի, իսկ Ադրբեջանը՝ Լյուքսեմբուրգի հետ:
Կանանց մրցաշարում 8-րդ վարկանիշն ունեցող Հայաստանի ընտրանին մեկնարկային խաղում կհանդիպի Հորդանանի հավաքականին: Հայաստանի կանանց հավաքականում հանդես են գալիս Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և պահեստային Աննա Հայրապետյանը:
Կանանց մրցապայքարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Չինաստանն այսօր խաղալու է Բանգլադեշի, իսկ ֆավորիտներից մեկը՝ Ռուսաստանը՝ Բոլիվիայի դեմ:
Հաղթողի կոչման մշտական հավակնորդ Վրաստանը մեկնարկելու է Գվատեմալայի հետ խաղով: