ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը և ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը DIY ակումբի պայթեցման հետ կապված իրենց հայտարարություններով խախտել են ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգի դրույթները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը:
Հովսեփյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը 2 դիմում-բողոք է ներկայացրել Արծվիկ Մինասյանի և Էդուարդ Շարմազանովի դեմ: Դրանք ուղղված են եղել ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին և ԱԺ Էթիկայի հանձնաժողովին: Առաջինը, Մամիկոն Հովսեփյանի խոսքով, պատասխանել է, թե այդ հարցն իրենց իրավասության շրջանակից դուրս է:
«Արծվիկ Մինասյանը և Էդուարդ Շարմազանովը, ուղղակիորեն և հրապարակայնորեն արդարացնելով ատելության հիմքով կատարված հանցագործությունը, խախտել են ՀՀ ԱԺ կանոնակարգի դրույթները, ինչպես նաև իրենց պաշտոնավարման երդումը: Դիմումը հենց այդպես էլ ձևակերպվել է: Մենք բողոքում ներկայացրել ենք պատգամավորների ելույթներից հատվածներ, որոնցում թույլ են տվել այդ վիրավորական արտահայտությունները»,- ասել է Մամիկոն Հովսեփյանը:
ԱԺ Էթիկայի հանձնաժողովը առայժմ որևէ կերպ չի արձագանքել դիմումին:
Հիշեցնենք, որ DIY ակումբը պայթեցրած երիտասարդներից մեկի՝ Արամեի համար Արծվիկ Մինասյանը մեկ այլ ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի հետ 1 միլիոն դրամ գրավ էր վճարել: Մինասյանը, խոսելով, եղբայրների արարքի մասին, համոզմունք էր հայտնել, որ «այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»:
Էդուարդ Շարմազանովը բարի պայթեցման կապակցությամբ հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր «փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»: