Նախորդ 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է 5-6% տնտեսական աճ՝ արդյունաբերության հաշվին: Այսմասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Խոսելով գյուղատնտեսության մասին՝ Գագիկ Մինասյանն ասել է, որ այստեղ առկա է 10%-ից ավելի տնտեսական աճ:
«Տարին բարենպաստ էր բուսաբուծության առումով: Մենք ունեցանք բավականին բարենպաստ եղանակային հաջորդականություն, և բուսաբուծության բնագավառում իսկապես տարին շատ բարեհաջող էր, սակայն պետք է անպայման նշեմ այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության արդյուքնում գյուղատնտեսական արտադրանքով զբաղվող մեր ֆերմերների համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծվել»,- ասել է Գագիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին., ապա, Մինասյանի խոսքով, այս տարի նախորդ տարվա համեմատ կաանկում, և այս անկումը շարունակական է ճգնաժամից հետո:
Մինասյանը տեղեկացրել է, որ ծառայությունների ոլորտում ևս արձանագրվել է շուրջ 10% աճ: Իսկ հուլիս և օգոստոս ամիսների համար արձանագրվել է 2,3% գնաճ, ինչը պատգամավորը բավական մեղմ ցուցանիշ է համարում:
Խոսելով արտահաման և ներմուծման միտուների հարաբերության մասին՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ այստեղ ևս իրավիճակը բարենպաստ է:
«Արդեն 3 տարի է, որ արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպին: Եվ առաջին 7 ամիսների արդյունքում՝ նախորդ տարվա 7 ամիսների համեմատ, ունենք 13%-ից ավելի արտահանման աճի տեմպ, իսկ ներմուծման աճի տեմպը ընդամենը 6 տոկոս է»,- ասել է Մինասյանը:
Նկատի ունենալով վերոնշյալ ցուցանիշները՝ Գագիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ պետական բյուջեի կատարողականի առումով որևէ խնդիր չի լինի: