2010 թվականի հուլիսին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատի ավարտին դատավոր Սամվել Մարդանյանը սանկցիա է կիրառել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանի նկատմամբ՝ նրան դուրս հրավիրելով դատարանի դահլիճից:
Մարտիորսյանը հեռացվել է դահլիճից այն պատճառով, որ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանին անվանել է հանցագործ:
Այս մասին դատական նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:
«Դատավորը հրապարակեց իմ և Ռուբեն Մարտիրոսյանի նամակը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որում պահանջում էինք որպեսզի պարտավորեցնեն մեղադրանքը պաշտպանող դատախազ Հարություն Հարությունյանին, որպեսզի դատարանում հրապարակի այն քննության նյութերը, ըստ որի ինքը եկել է եզրահանգման, թե դեպքի վայրում գտնված պարկուճը ոչ թե գողացվել է, այլ պարկուճի թվերը սխալ են ընթերցվել: Դատավորը համարեց, որ այդ հարցը քննարկված-ավարտված է, դատախազներն էլ հետը, Մարտիրոսյանը փորձեց պարզբանել, թե ե՞րբ է երբևէ դատարանը զբաղվելու այդ հարցով, և առարկությունների ժամանակ էլ ասեց դատախազը հանցագործ է, եթե չունի քննության նյութեր», – պատմել է Նազարյանը:
Այսօրվա դատական նիստի ժամանակ դատավորը նախ քննարկել է նախորդ փուլերում արված և հետաձգված միջնորդությունները:
«Մեղադրյալներից Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը փորձում էր միջնորդություն ներկայացնել, որպեսզի դատարանը պահանջի Ռազմական ոստիկանությունից գրանցամատյանները: Քանի դեպքի օրը հենակետի ամբողջ անձնակազմը բերվել էր ՌՈ, իսկ վերջերս Զինվորական դատախազության կողմից մերժվել է վարույթ իրականացնել ծառայողների նկատմամբ քննիչների ու ՌՈ-ի կողմից այդ ընթացքում կատարված բռնությունների մասին: Բայց այդ մերժման որոշման մեջ կար մի փոքր հատված, որտեղ ասվում էր, որ զինվորները ՌՈ են բերվել կարգապահական տույժի կրման համար: Հիշեցնեմ, որ կարգապահական տույժը տասը օրից ավելի չի կարող լինել, իսկ այնտեղ մարդիկ կային, որոնք մինչև 22, 25 օր պահվել էին մեկուսարանում», – պարզաբանել է Ծովինար Նազարյանը և հավելել, որ դատավորը այդ պահին նշել է, թե իրենք կարող էին դիմել ՌՈ ու ստանալ այդ թղթերը:
Հրանտ Գևորգյանից հետո նմանատիպ միջնորդություն է ներկայացրել նաև Ռուբեն Մարտիրոսյանը:
«Մարտիրոսյանը նորից ներկայացրեց խնդիրը ու պահանջեց, որ այդ նյութերը կցվեն քրեկան գործին և ճանաչվեն որպես իրեղեն ապացույց: Այս միջնորդությունը քննարկելիս՝ պաշտպանական կողմը համաձայնեց, առարկեց միայն մեղադրող կողմը: Դատավորը բավարարեց մեր միջնորդությունը և որոշեց, որ և՛ հրամանատարին դատակոչել, և՛ զորամասի շարային մասից բերել զինծառայողներին տույժի ենթարկելու հրամանները, և՛ նաև ՌՈ-ից բերել մուտքագրման մատյանները»,- ասել է տուժողի իրավահաջորդը:
Այսօրվա դատական նսիտին պետք է հարցաքննվեր գործով քննիչ Լևոն Պետրոսյանը, բայց նա չի ներկայացել նիստին և տեղեկացրել է, որ գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Դատավորը որոշել է հարցաքննությունը տեղափոխել հաջորդ դատական նիստին, որը կկայանա կկայանա սեպտեմբերի 4-ին: