Հայաստանյան տնտեսվարողներն ահազանգում են, որ գրեթե մեկ շաբաթ է, ինչ հարկային մարմիններն իրական տեռոր են սկսել իրենց դեմ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ նախկինում՝ ամեն ամսվա 20-ից հետո, երբ տնտեսվարողներն իրենց հարկային հաշվետվությունները ներկայացնում էին հարկային մարմին, վերջինս ևս մի 10 օր էր տալիս առաջացած հարկային պարտավորությունները մինչև վերջ կատարելու համար: Այս ամիս, սակայն, տնտեսվարողներին ժամանակ չի տրվել, և անմիջապես հարկայինն արգելանք է դրել բոլոր նրանց հաշիվների և գույքի վրա, ովքեր ամսվա առաջին 20 օրվա ընթացքում հարկային բոլոր վճարումները չեն հասցրել անել, նաև տուգանել է հարկային վճարումները ուշացնելու համար:
«ՀԺ»-ն նշում է, որ բացի դրանից, հարկայինի աշխատակիցները «բարի խորհուրդ են» տալիս տնտեսվարողներին՝ 15-20 տոկոսով մեծացնել իրենց կողմից վճարվող հարկերի ծավալը, հակառակ դեպքում՝ սպառնում են ստուգումներ սկսել:
«Սա, ինչ խոսք, պայմանավորված է բյուջեի հավաքագրման շուրջ ծագած խնդիրներով: Գումարները չեն բավարարում, նույնիսկ կառավարության որոշումներով արդեն ծախսեր են կատարվում հաջորդ ամսվա բյուջեի հաշվին՝ «նիսյայով»… Հարկային տեռորով, իհարկե, կարելի է ինչ-որ կարճ ժամանակահատվածում ցուցանիշներ ապահովել, բայց դրա հետևանքով տնտեսությունը պարզապես հյութաքամ կլինի: Կարելի է, իհարկե, բյուջեով նախատեսված հարկերի ողջ ծավալը առանց մեծ դժվարության կատարել՝ տնտեսության ստվերային հատվածը կրճատելու հաշվին, բայց դրա արդյունքում կշոշափվեն մեր օլիգարխների շահերը, քանի որ տնտեսության ստվերային հատվածը վերահսկում են հենց նրանք: Միաժամանակ, հենց նրանք են իշխանության հիմնական հենարանը և իրականում հենց նրանք են իրենց փողերով ու բանդաներով ձևավորում իշխանություն: Ուստի հուսալ, որ հարկերի հավաքագրման հիմնական բեռը կդրվի տնտեսության ստվերային հատվածի վրա, մանավանդ՝ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երևի թե միամտություն է: Այնպես որ, շարքային տնտեսվարողները պետք է պատրաստ լինեն, որ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած պետեկամուտների կոմիտեն այս տեռորը շարունակելու է», – գրում է «Հայկական ժամանակը»: