ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված է մասնակցելու Իրանում ընթացող «Չմիավրրման շարժման» գագաթնաժողովին, սակայն Իրան մեկնելը նրան հեշտ չի տրվելու, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Բանն այն է, որ վերջերս արևմտյան լրատվական գործակալություններից մեկը`«Ռոյթերս»-ը, տեղեկացրել էր, որ միջազգային հանրության կողմից պատժամիջոցների ենթարկվող Իրանը փորձում է բանկային գործունեությունն ընդլայնել, այդպես գումարներ լվանալ Հայաստանում:
«Հասկանալի է` նման հրապարակումներն ինքնանպատակ չեն, ոչ էլ անհիմն: Ավելին՝ սա կարելի է ընդունել որպես Արևմուտքից որոշ նախազգուշացում: Ու եթե այսքանից հետո Սերժ Սարգսյանը մեկնի Թեհրան (ասում են` նա մտադիր է գնալ), ապա կնեղացնի Արևմուտքին: Իսկ եթե մերժի հրավերը, ապա այդպես խնդիրներ կստեղծի Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ հարաբերություններում: Այլ կերպ ասած` ոնց էլ վարվի, լավ չի ստացվի: Ու անկախ նրանից, թե Սարգսյանն ինչ հանդիպումներ կունենա Իրանում, միևնույն է, նրա այցն արդեն «թեմա» է», – գրում է «Ժողովուրդը»: