Օգոստոսի 4-ին Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդներ Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Սահակ Մուրադյանը Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) որոշում են ստացել, համաձայն որի կարճվել է իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ապացույցների բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ խնդիրը վերաբերում է նախորդ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով ձերբակալվել էին ՀԱԿ-ի 7 ակտիվիստներ, իսկ նրանցից 4-ին՝ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին դատարանն արդեն տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել:
Կարճման որոշումը ստանալուց հետո երիտասարդների փաստաբան Հովիկ Արսենյանը բողոք էր ներկայացրել ՀՔԾ առ այն, որ Կոնգրեսի երեք երիտասարդների մասով քրեական գործի կարճման հիմքերն ապացույցների բացկայությունից վերափոխվեն հանցակազմի բացակայության: Սակայն, ինչպես այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Արեգ Գևորգյանը, այդ բողոքը մերժվել է:
«Բողոքի մասին այսօր որոշում ենք ստացել՝ ստորագրված ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հ. Մարտիրոսյանի կողմից: Նշված է, որ բողոքը հիմքերի բացակայության պատճառով է մերժել:
Իսկ կարճման մասին որոշման մեջ էլի նույն ապօրինությունն է երևում, այս իրավապահ մարմինների նույն կոծկելու, նույն գործ սարքելու մտադրությունն է երևում:
Որովհետև նույն դրվագը, նույն գործողությունը մի դեպքում մեկնաբանվում է որպես հանցագործություն: Որպես ապացույց՝ մեր երիտասարդների նկատմամբ կիրառվում է ազատազրկման որոշում, իսկ մյուս դեպքում՝ սա համարվում է ապացույցների բացակայություն և հանդիսանում է գործը կարճելու և մեզ արդարացնելու հիմք», – ասել է Արեգ Գևորգյանը: