Home / Հայաստան / Շամշյանը «աբիժնիկներին» խորհուրդ է տալիս իր հաշվին չինքնահաստատվել

Շամշյանը «աբիժնիկներին» խորհուրդ է տալիս իր հաշվին չինքնահաստատվել

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զազրախոսություն ու զառանցանք է համարել մի շարք կայքերում ու սոցցանցերում քննարկվող Գյումրու «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Մելիքյանի գրառումը, համաձայն որի՝ Շամշյանը օգոստոսի 27-ին Գյումրիում տեղի ունեցած վթարի վայրում իր նկարահանած կադրերը վերագրել է իրեն ու հայտարարել, թե «գյումրեցի  բոլոր լրագրողները քնած են», այնինչ ինքը հասցրել է հասնել Գյումրի ու դեպքի վայրից տեսանյութեր տրամադրել հանրությանը: Epress.am-ի հետ զրույցում Շամշյանը խորհուրդ է տվել «մասնագիտական խանդով» տառապողներին չփորձել ինքնքհաստատվել իր անունով, «այլապես նրանց երազախաբություն է սպասվում»:

«Մելիքյանի գրառումից անմիջապես հետո համացանցը ողողվեց այս նյութով, ու մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ սկսեցին  տարածել այն՝ առանց իմ կարծիքը հաշվի առնելու. անգամ չեն փորձել զանգահարել ինձ,  այնուհետ տեղադրել վերոնշյալ գրառումը: Սրանք հիմնականում այն կայքերն են, որոնք ժամանակին ինձ  առաջարկել են համագործակցել, սակայն ես մերժել եմ՝ նշելով ժամանակի սղությունը: Ժողովրդի լեզվով ասած՝ սրանք «աբիժնիկներ են» ու այս կերպ կարող են փորձ կատարել խաղալ Շամշյան Գագիկի հեղինակության հետ: Հիմնականում այս կայքերն էլ զբաղվում են գրագողությամբ և տեղադրում իմ լուսանկարներն ու նյութերը՝ առանց հղում տալու», – Epress.am-ին ասել է ֆոտոլրագրողը՝ հիշեցնելով, որ ինքը աշխատում է լինել օպերատիվ, արձանագրում  և ասում է այն, ինչ տեսնում է դեպքի վայրում:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած վթարին՝ Շամշյանը փաստել է, որ ինքը անձամբ է հասել դեպքի վայր, նկարահանումներ արել ու  նկարներն ուղարկել գյումրեցու էլեկտրոնային հասցեից՝ թանգարանի մոտ գտնվող նկուղային ինտերնետ- ակումբից:

«Ո՞ւր էր այդ նույն օպերատոր Մելիքյանը երեկ, երբ ոստիկանությունը խուզարկություններ էր կատարում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող  «Օազիս»  և  «Ալեքսանդրապոլ» օբյեկտներում: Այդ ո՞նց եղավ, որ ես Երևանից իմացա,  հասա Գյումրի ու ինչպես գյումրեցիներին էին կատակում՝ ասելով՝ «Շամշյան ջան, դու էլի էստեղ ես, իսկ մեր օպերոտորները  էլի քնած են», մի քանիսն էլ հավելեցին, թե ՝ «Այ մարդ, ի՞նչ եք ասում, մեր օպերատորներն էդքան դուխ ունե՞ն, Վարդանիկն ու իրա տղեն էդ ֆոտոապարատը կվերցնեն ու կմտցնեն…», – նշել է Շամշյանն ու ավելացրել, որ եթե կա ինչ-որ մեկը, ով կհաստատի, որ ինքը օգտագործում է ուրիշների տեսանյութերը, ապա կարող է առանց երկմտելու դիմել դատարան:

«Ես օգտագործում եմ բացառապես իմ նյութերը, իսկ դրանք այնքան շատ են, ուր մնաց ուրիշներից վերցնեի: Որպես օրինակ բերեմ երեկվա դեպքը, երբ Գյումրիում տեղեկացա, որ Ջերմուկում մահվան ելքով ավտովթար է եղել, ես անմիջապես ինֆորմացիա տվեցի դեպքի վերաբերյալ: Այս զազրախոսներն այնքան անգրագետ են, որ չեն հասկանում՝ երբ Շամշյանը նյութ է տալիս ու ասում է՝ ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը դեպքի վայրից, ուրեմն  միանշանակ  Շամշյանը դեպքի վայրում է եղել, իսկ երբ ասում է՝ ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ուրեմն դեպքի վայրում չի եղել, բայց տիրապետում է ինֆորմացիային», – ասել է  ֆոտոլրագրողը՝ հիշեցնելով 2011 թվականի փետրվարի 1-ի միջադեպը, երբ «Արթիկ» ՔԿՀ-ում նախատեսվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությանը մասնակցելու նպատակով Արթիկ տանող ճանապարհի Մաստարայի հատվածի անանցանելիության պատճառով  4 լրագրողներով մեքենան շրջվել  ու ընկել էր ձորակը, նույն գյումրեցի լրագրողները ասել էին՝ Շամշյանն իր PR-ն է անում:

«Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները  դեպքի վայրում նկարահանումներ են կատարել, իրենք են տրամադրել լուսանկարները ու ես տեղադրել եմ shamshyan.com-ում», – պատմել է մեր զրուցակիցը:

Նա  նաև ընդգծել է, որ իր  լուսանկարներով  ու տեսանյութերով մի շարք հանցագործություններ են բացահայտվել, իսկ մի քանի ճանաչված փաստաբաններ էլ կարողացել են քննչական մեկուսարաններից ազատել անհիմն կալանավորված մարդկանց:

«Իմ նյութերի հիման վրա փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը 7-8 անմեղ մարդկանց են կարողացել ապացույցով ազատել կալանքից: Երբ անմեղ մարդիկ դատապարտված են եղել, իմ կադրերով կարողացել են ապացուցել նրանց անմեղությունը: Երբ կրակեցին Արգիշտի Կիվիրյանի վրա, միայն ես էի, որ նկարահանեցի պարկուճները և իմ նյութերի ու նկարահանած կադրերի հիման վրա կարողացան ապացուցել, որ այդտեղ կրակոցներ ու մահափորձ է եղել», – ասել է Շամշյանը:

«Նաև ավելացնեմ, որ այսուհետ Մելիքյանի ու նրա նմանների  զառանցանքներին  արձագանքել չեմ շարունակելու», – եզրափակել է Շամշյանը:

Լուսանկարը` aravot.am-ի