Այսօր կեսօրին Ռուսաստանի ուղղափառ ակտիվիստները հարձակվել են Մոսկվայում գտնվող էրոտիկ արվեստի թանգարանի վրա, հայտնում է «Վզգլյադը»՝ հղում կատարելով թանգարանի տնօրեն Ալեքսանդր Դոնսկոյի հաղորդագրությանը:
«Հենց նոր ուղղափառ գրոհայինները հարձակում են գործել Արբատի վրա գտնվող էրոտիկ արվեստի թանգարանի վրա: Նրանք աղյուսներ ունեին: Թանգարանի աշխատակազմը դուրս է վազել շենքից՝ վախենալով սեփական կյանքի համար»,-պատմել է թանգարանի տնօրենը:
Նրա խոսքով՝ ուղղափառ գրոհայինները ցանկանում են իրենց կամքը փաթաթել ուրիշների վզին, և այս գործողությունները պայմանավորված են նրանով, որ թանգարանը աջակցում է սկանդալային Pussy Riot փանկ-ռոք խմբին: «Սպառնում են մեզ և պատռում սովորական անցորդների հագուստը, իսկ վաղը նրանք կգնան ջարդուփշուր անելու այլ կրոններին պատկանող տաճարները»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Նա ընդգծել է, որ տեղի ունեցածը ծայրահեղականության դրսևորում է:
«Մենք խնդրում ենք հետաքննչական օրգաններին և անձամբ Սահմանադրության երաշխավոր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին դադարեցնել աշխարհիկ պետության համար զզվելի այս ուղղափառ գրոհայինների շարժումը»,-ասված է Դոնսկոյի հաղորդագրության մեջ: