Այսօր կառավարության մոտ վիճաբանություն է տեղի ունեցել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մոր ՝ Գոհար Սարգսյանի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանի միջև: Այս մասին Еpress.am-ի թղթակցին պատմել է Սարգսյանը, ով նշել է, որ այսօր լրանում է իր որդու սպանության 5-րդ տարելիցը:
«Ես ունեմ գերեզման, բայց չունեմ երեխայիս մահվան պատճառը: Ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել: Վրդովված, վիրավորված մեր իշխանություններից էի պատասխան պահանջում ու, ճիշտն ասած, ես մտածում էի, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը գոնե այս օրով գա այս կողմով անցնի (նկատի ունի գլխավոր մուտքը – խմբ.) ու թեկուզ այս օրը ցավակցի: Տեսնեմ՝ «Հայոց արծիվների» ղեկավարը, ով միշտ կոչ է արել, որ «Հայոց արծիվները» քաջ մնան, հայրենիքը պաշտպանեն, հայրենիքի սահմաննները պաշտպանեն, որոշեցի մոտենալ իրեն ու ասել՝ գոնե մեկ անգամ, գոնե այսօր մեզ ասեք՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մեր երեխաների սպանությունները բացահայտելու հարցում: Քանի որ վրդովված էի ու լացակումած, տոնս մի փոքր բարձր հնչեց, նա բարձր տոնով հարցրեց՝ «Տիկին, դուք գիտե՞ք, թե ես ով եմ, որ ինձ հետ նման տոնով եք խոսում, տոնդ իջեցրե՛ք», – պատմել է Սարգսյանը ու նշել. «Ասրյանն այնքան չկա, այնքան վիժվածք է, այնքան տականք, որ անգամ մեր սևազգեստ լինելը նրան ոչինչ չասաց»:
«Նա ո՞նց կարող է «Հայոց արծիվների» պաշտպան դառնալ: Ես նրան ասացի՝ «Դուք ընդամենը հիտլերյան տականք եք, եթե սպանված զինվորի ծնողի հետ նման տոնով եք խոսում»: Նա ընդամենը իր պաշտոնում դրված շինծու մի արարած է, ընդամենը իշխանության ոտքի տակի տականք: Իշխանությանը գովաբանելով, նախագահին գովաբանելով, իր տականքությունով առաջ է եկել ու նստել Սպորտի փոխնախարար, այնինչ մեր սպորտսմեն երեխեքի գլուխներն ուտում են ու պատասխան չեն տալիս: Տղաս ձյուդոիստ էր, դրա համար էլ չկոտրվեց հայոց բանակում, չնայած շատ են ուզեցել կոտրել, չի կոտրվել, դրա համար էլ գլուխը կերան», – ասել է Սարգսյանն ու ընդգծել, որ եթե որդու մահվան հանգամանքները չբացահայտվեն, ինքը տղայի դիակի հետ միասին կհեռանա Հայաստանից:
«Երդվում եմ, կթքեմ ես մնան հայրենիքի վրա ու օտար երկրներից ապաստան կխնդրեմ,տղայիս դիակը կհանեմ ու կհեռանամ: Մյուս տղաս ավարտել է, ուր դիմում է, աշխատանք չեն տալիս, ինչո՞ւ: Էն երեխուս սպանեցին, ի՞նչ են ուզում, ուզում են ոչնչացնե՞լ ընտանիքը», – հարցրել է լացակումած մայրը՝ հիշեցնելով, որ ինքը իր որդու սպանության մեջ մեղադրել և մեղադրում է Գերագույն, գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին:
Խաչիկ Ասրյանը, իր հերթին, կառավարության նիստից հետո Еpress.am-ի հետ զրույցում ասել է, որ, շատ լավ հասկանալով զոհված զինծառայողների ծնողների թախիծն ու կսկիծը, չի վիրավորվել ծնողների «ոչ կոռեկտ պահվածքից»:
«Պարզապես ես, իրենց գոռում-գոչյունները լսելով, ինքս մոտեցա՝ փորձելու՝ տեսնեմ, թե ի՞նչ խնդիր կա, ու նրանք, այսպես ասած, շատ վատ արտահայտություններով արձագանքեցին ինձ ու «Հայոց արծիվներ» կազմակերպությանը, որը ընդամենը 2,5 տարվա ընթաքցքում շատ լուրջ հայրենասիրական գործեր է անում: Նորից եմ կրկնում՝ անձամբ ինքս հասկանում եմ մեր հարգարժան ծնողների կսկիծը, թախիծը, այն ծնողների, ովքեր զավակներ են կորցրել: Ես փորձեցի հասկանալ նրանց խնդիրը ու ասացի, թե ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, էդպես ագրեսիվ մոտեցում եք ցույց տալիս իմ հանդեպ՝ հաշվի չառնելով իմ երկար տարիների հայրենանվեր աշխատանքը՝ սկսած խրամատներից մինչև այսօր, այստեղ, մինչև զորամասեր: Ու ես հասկացա, որ նրանք պատրաստ են յուրաքանչյուր մարդու՝ հատկապես կառավարությունը ներկայացնող անձանց հանդեպ նման կերպ վարվել ու կապ չունի, թե ես եմ այսօր մոտեցել նրանց այստեղ, թե վաղը մեկ ուրիշը», – ասել է Ասրյանը և ավելացրել՝
«Եթե իմանամ, որ իմ մահով կփարատեմ այս ծնողների կսկիծը, ու նրանց վիշտը դրանից կթեթևանա, ապա հենց հիմա, հենց այստեղ պատրաստ եմ ինձ սպանել», – եզրափակել է Ասրյանը: