Այսօր Հայաստանում աշխատում են 32 հանրային պաշտպաններ, որոնք իրականացնում են անվճար պաշտպանություն բացառապես քրեական գործերով, սակայն նրանց թիվը նախատեսվում է 18-ով ավելացնել: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայատրարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է, թե դրանք որ գործերն են: Փաստաբանության մասին օրենքի փոփոխությունով, որն այդ մասով ուժի մեջ կմտնի 2013-ից, ոչ թե հիմք է ընդունվում գործի տեսակը, այլ՝ հիմք է ընդունվում դատավարության մասնակիցների սոցիալակական վիճակը: Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերվի նաև քաղաքացիական և վարչական գործերով: Չեմ բացառում, որ համապատասխան փոփոխություններ կկատարվեն, և նման լուծումներ կան միջազգային պրակտիկայում, որ յուրաքանչյուր փաստաբան կպարտավորվի որոշակի ժամանակահատված անվճար այդ օգնությունը ցուցաբերել: Այսինքն մենք կկարողանանք ավելի մեծ խմբով այդ ծառայությունները մատուցել»,- ասել է Հրայր Թովմասյանը:
Վերջինս ցավով նշել է, որ հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը ավելի մեծ է, քան Փաստաբանների պալատում:
«Բնականաբար, այդ մեծ թիվն այսպես թե այնպես ազդելու է նաև որակի վրա: Բայց արդեն կան Փաստաբանական պալատի ղեկավարի հետ համապատասխան համաձայնություններ, կան անձինք, որոնք ցանկություն են հայտնել աշխատելու, և որոշումը ուժի մեջ մտնելուց հետո շատ արագ այդ խնդիրները կլուծվեն»,- հավելել է Թովմասյանը: