Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, ազատել ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարացնելու համար պետական տուրքի վճարումից։
ՀՀ կառավարության կայքը նշում է, որ օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ, «եթե ստեղծվում են արտակարգ իրավիճակներ, որոնց համար մեր հայրենակիցները մեղավոր չեն և չեն կարողանում պահպանել պաշտոնական ընթացակարգերը, ապա մենք նրանց ազատում ենք տույժ ու տուգանքից, ստեղծում ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց խնդիրները կարողանան լուծել` մնալով հայրենիքում»։