Այսօր ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը մերժել է քննել «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության դիմումի քննությունը: ՀԿ-ն իր դիմումի մեջ նշել էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը և ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը DIY ակումբի պայթեցման հետ կապված իրենց հայտարարություններով խախտել են ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգի դրույթները:
Հիշեցնենք, որ DIY ակումբը պայթեցրած երիտասարդներից մեկի՝ Արամեի համար Արծվիկ Մինասյանը մեկ այլ ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանի հետ 1 միլիոն դրամ գրավ էր վճարել: Մինասյանը, խոսելով, եղբայրների արարքի մասին, համոզմունք էր հայտնել, որ «այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»: Էդուարդ Շարմազանովը ակումբի պայթեցման կապակցությամբ հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր «փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»:
Իր պաշտոնական կայքում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ինքը դեմ է եղել հանձնաժողովի այս որոշմանը, և ներկայացնում է իր դիրքորոշումը:
Փաշինյանն ընդգծում է, որ «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության դիմումի քննությունը մերժելու վերաբերյալ նախագիծը ներկայացրել է Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա նախագծում նշվում է, թե պատգամավորներ Շարմազանովի ու Մինասյանի՝ դիմումում ներկայացված արտահայտությունները տեղ են գտել «panorama.am» կայքի մայիսի 15-ի (պատգամավոր Ա.Մինասյանի դեպքում) և «iravunq.wordpress.com» կայքի մայիսի 17-ի (պատգամավոր Է.Շարմազանովի դեպքում) հրապարակումներում:
«Այդպիսով, Հանձնաժողովն արձանագրում է, որ պատգամավորներ Ա.Մինասյանի և Է.Շարմազանովի այն արտահայտությունները, որոնք Դիմողի կարծիքով հանդիսանում են Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված էթիկայի կանոնների խախտում, արվել են մինչև Կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա.3» կետի, 6.1-րդ հոդվածի և դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի ուժի մեջ մտնելը, ու քանի որ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի, դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն էթիկայի հանձնաժողովին», – մերժման պատճառը ներկայացնում է Փաշինյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը կարծիք է հայտնում, որ տվյալ մոտեցումը ճիշտ չէ, որովհետև դիմումատուն վիճարկում է ոչ թե մայիսի 15-ին և 17-ին պատգամավորների լրագրողներին հարցազրույց տալու փաստը, որը տեղի է ունեցել կոնկրետ օրը, ժամի, այլ այդ հարցազրույցի արդյունքում առաջացած բովանդակությունը, որն այսօր էլ գոյություն ունի համացանցում և գտնվում է ամենօրյա շրջանառության մեջ:
«Այն ամեն օր ընթերցվում է, այսօր էլ պատգամավորները հանդիսանում են տվյալ հայտարարության հեղինակ, և այսօր էլ արտահայտված դիրքորոշումը գոյություն ունի և ենթադրաբար որևէ փոփոխություն չի կրել: Դիմումատուն չի վիճարկում լրագրողի հետ զրուցելու, նրա հարցերին պատասխանելու պատգամավորների արարքը, որը տեղի է ունեցել կոնկրետ օրը և կոնկրետ տեղում: Դիմումատուն վիճարկում է պատգամավորների հայտարարությունների բովանդակությունը, որ այսօր էլ գոյություն ունի որպես պատգամավորի դիրքորոշում, և վերաբերվում է այսօր ընթացող նախաքննությանը: Գտնում եմ, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը պետք դիմումի քննությունը սկսելու որոշումներ կայացնի», – նշում է Փաշինյանը:
Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովի կազմում են, բացի Փաշինյանից և Հարությունյանից, նաև Հովհաննես Մարգարյանը (Օրինաց երկիր), Մերուժան Սիմոնյանը (Բարգավաճ Հայաստան), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Զարուհի Փոստանջյանը (Ժառանգություն):