ԱՄՆ-ն միայն մեկ նպատակ ունի՝ պառակտել Իրանը և փոխել ռեժիմը, այլ ոչ թե ընդլայնել Ադրբեջանի տարածքները: Այս մասին Vesti.az կայքի հետ զրույցում հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերով Ադրբեջանի նախկին պետական խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով ԱՄՆ կոնգրեսական Դան Ռոռոբախերի կողմից պետարտուղար Հիլարի Քլինտոնին ուղղված դիմումը, որում նա ընդգծել է Իրանից Հարավային Ադրբեջանի անկախացման և այն Ադրբեջանի Հանրապետությանը միացնելու համար մղվող պայքարում ցուցաբերվելիք աջակցության անհրաժեշտությունը:
«Կոնգրեսականը, ամենայն հավանականությամբ, հույս ունի, որ իր դիմումը աջակցություն կգտնի նաև Բաքվում: Հասնել Հարավային Ադրբեջանի միացմանը Հյուսիսայինին շատ բարդ և շատ երկար գործընթաց կլինի: Միայն Իրանի ռեժիմի կազմաքանդումից հետո հնարավոր կլինի խոսել նաև միավորման մասին, եթե, իհարկե, Հարավային Ադրբեջանի ադրբեջանցիները ցանկանան դա:
Հարկ է պատասխանել նաև հետևյալ հարցին. «Արդյո՞ք ԱՄՆ-ն անկեղծորեն ուզում է դա»: Ես ստիպված եմ վերադառնալ պատմության խորքերը և հիշել Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միավորումը: Մեծ թվով հոգեբանական, տնտեսական, մշակութային խնդիրներ էին առաջացել, որոնք մինչ այսօր առկա են:
Իսկ ի՞նչ կլինի մեզ հետ Հարավային Ադրբեջանի միավորման դեպքում: Չպետք է մոռանալ այն մասին, որ մենք երկար ժամանակ կայսրության մի մաս ենք եղել, Քրիստոնյա Ռուսաստանի, իսկ այնուհետև նաև աթեիստական Խորհրդային Միության մի հատվածը: Իսկ նրանք մահմեդական են՝ Եվրոպայից կտրված, իսլամի հետևորդներ: Իսկ մենք ինքներս շահագրգռվա՞ծ ենք միավորման մեջ: Այդուհանդերձ, կարծում եմ, որ մեր միավորումը համընկնում է Ադրբեջանի ազգային շահերին»,- նշել է Գուլուզադեն: