Ադրբեջանը Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությանը հավաստիացրել է, թե Ռամիլ Սաֆարովի պատժաչափը չի փոխվի, սակայն հունգարական իրավապահները գիտակցել են, որ արտահանձնումից հետո Սաֆարովի պատժաչափը տնօրինվելու էր բացառապես ադրբեջանական օրենսդրությամբ:
Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը: Նախարարությունը, վկայակոչելով Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons), նշում է, որ կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Ընդունող կողմը պատժի կրումը կամ դրա փոփոխումը տնօրինում է իր երկրի իրավական և վարչական գործընթացների համաձայն:
«Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը»,- նշել են Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունից:
Պատասխանում ասվում է, որ ընդունող երկիրը պատիժն իրականացնելու պարագայում պետք է կաշկանդված լինի դատապարտող երկրի վճռի իրավական բնույթով և պատժաչափով:
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հունգարական կողմին հավաստիացրել է, որ հանցագործությունը, որի համար պատիժ էր սահմանվել, այնպիսի հանցակազմ է պարունակում, որը, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, պատժվում է ցմահ ազատազրկմամբ: Ցմահ դատապարտված անձինք կարող են ազատ արձակվել ամենաքիչը 25 տարի պատիժը կրելուց հետո:
Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունից նշել են, թե Բուդապեշտը գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Հիշեցնենք, որ սպանությունն իրագործվել էր Բուդապեշտում, ուր հայազգի երկու սպաներ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին։
2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: