Արաբկիրի Ավետիսյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում «Երևան Ջուր» ընկերությունը կառուցում է նոր բակային պոմպակայան, որի հետ կապված օգոստոսի 31-ին դադարեցվել էր Երզնկյան, Օրբելի փողոցների, Կիևյան փ. 18, 20, 30, 32, Սունդուկյան փ. 1-24, Բաղրամյան պ. 85, 89, Ա.Ավետիսյան փ. 1 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրել է ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը, Բաղրամյան 70, Ավետիսյան 1 և Սունդուկյան 2 շենքերը սպասարկող պոմպակայանը նախկինում տեղակայված է եղել խարխուլ կաթսայատանը, որը վերջերս սեփականաշնորվել է: Դրա հետ կապված, ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի կողմից հարևանությամբ հատկացված հողակտորի վրա, կառուցում է նոր պոմպակայան, ուր ոչ միայն կվերատեղադրվեն պոմպն ու ջրաչափական հանգույցը, այլև կտեղակայվեն փականներ, նշված բարձրահարկերի ջրամատակարարումը կարգավորելու նպատակով:
Նոր դիտահորը կհանդիսանա ընկերության սեփականությունը, ինչը, ըստ Գաբրիել Մելիքսեթյանի, և կբարձրացնի վերջինիս պատասխանատվությունը բնակիչների սպասարկման գործում, և ավելի արդյունավետ կդարձնի պոմպակայանի աշխատանքի վերահսկողությունը, և թույլ կտա հագեցնել այն ժամանակակից սարքավորումներով: Մասնավորապես, առաջիկայում նախատեսվում է գործող պոմպը փոխարինել նորով, որի շնորհիվ անհամեմատ կբարձրանա ջրամատակարարման հուսալիությունը: Այս մասին հայտնում են «Երևան Ջուր» ընկերության հաղորդակցության բաժնից: