ԱՄՆ պետդեպը նամակով պատասխանել է ռուսաստանցի իրավապաշտպանների կողմից ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված հարցին այն մասին՝ արդյոք իրենք ամերիկյան գործակալներ են հանդիսանում Ռուսաստանում: Իրավապաշտպաններին հետաքրքրում էր՝ արդյոք իրավաչափ է շահույթ չհետապնդող կազմակերպությունների անդամներին, ովքեր դրամաշնորհներ են ստանում ԱՄՆ-ից, «ամերիկյան գործակալներ» համարել:
Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան և «Հանուն մարդու իրավունքների» շարժման առաջնորդ Լև Պոնոմարյովը օգոստոսի 29-ին նամակ են ստացել՝ ստորագրված ԱՄՆ Պետդեպի քարտուղար Հիլարի Քլինտոնի անունով:
«Ի պատասխան Ձեր կոնկրետ հարցին այն մասին, արդյոք ամերիկյան գրանտներ ստացող հասարակական կազմակերպությունները ամերիկյան կառավարության «գործակալներն են», թույլ տվեք ինձ կատեգորիկ հայտարարել, որ մենք ոչ միայն երբեք նպատակներ չենք պարտադրում ձեր կազմակերպություններին և չենք կառավարում ձեր գործողությունները, այլև նման բան անելու ցանկություն չունենք»,-ասված է նամակում, որի տեքստը տեղադրված է Մոսկվայի Հելսինկյան խմբի կայքում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հասարակական կազմակերպությունների մասին օրենք էր ստորագրել, որը նախատեսում էր «արտասահմանցի գործակալի» կարգավիճակ շնորհել շահույթ չհետապնդող, արտասահմանից ֆինանսավորվող և քաղաքական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին: