Օգոստոսի 31-ի առավոտյան Բաքվի մերձակա Լոկբաթան գյուղում երկաթուղային գծերի շրջադարձի վրա գնացքը բախվել է մարդատար ավտոբուսին: Այս մասին հայտնում է Contact.az-ը: Արդյունքում, նախնական տվյալների համաձայն, 15 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Հղում կատարելով ականատեսի խոսքերին ՝ ANSPRESS-ը ներկայացնում է վթարի մանրամասները: Ականատեսի խոսքով՝ երբ ավտոբուսի վարորդը հասել է շրջադարձին, երկաթուղու աշխատակիցը պատրաստվում էր իջեցնել արգելափակոցը: Սակայն վարորդը բղավել է նրա վրա, որպեսզի վերջինս թույլ տա իրեն շրջանցել: Ուշադրություն չդարձնելով առարկություններին, նա դուրս է եկել երկաթուղային գծերի վրա, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը:
Բախումից հետո գնացքը մոտ 100 մետր իր հետ տարել է ավտոբուսը: Վարորդն ու երկաթուղու աշխատակիցը, կայքի տեղեկություններով, վթարից հետո փախել են դեպքի վայրից:
Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը զոհվածների ավելի փոքր թիվ է հայտնել: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հաղորդել է նախարարության մամլո քարտուղարը, միջադեպի հետևանքով 6 մարդ է զոհվել, 33-ը հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից 8-ի վիճակը ծանր է գնահատվում: