Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքին փուչիկների փայթյունից տուժած մի շարք քաղաքացիներ անիմաստ շոու են համարում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստերը, քանի որ որևէ ակնկալիք չունեն արդարադատության համակարգից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են տուժածներից մի քանիսը, ովքեր չեն ցանկացել ներկայանալ:
Նշենք, որ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում փուչիկների գործով դատական նիստը չի կայացել, քանի որ Սերոբ Բոզոյանը, ով մեղադրվում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու ու իրացնելու մեջ և ում նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը), չի ներկայացել դատական նիստին:
«Միայն դատարանում հասկացանք, որ անիմաստ է ընդհանրապես դատական նիստերին մասնակցելը: Դատավորը պատճառաբանեց, թե մեղադրյալը փոխել է բնակության վայրը, այնինչ սա շատ հիմար սուտ էր: Այնպիսի տպավորություն էր՝ կարծես թե դատարանը այնքան միամիտ է, որ չի կարողացել պարզել նրա նոր բնակության վայրը, իսկ Բոզոյանն էլ այնքան համարձակություն է ունեցել չներկայանալ դատարան», – պատմել է մեր զրուցակիցը: Տուժածներից մեկն էլ, ով դասավանդում է ուսումնարանում, ընդգծել է, որ իրենց տնօրենը խստիվ արգելել է մասնակցել դատական հաջորդ նիստին, որը նշանակվել է սեպտեմբերրի 14-ին:
«Ես պարզապես շատ եմ զղջում, որ առհասարակ մասնակցել եմ այդ հանրահավաքին: Ես գնացել էի իմ ուսանողների հետ, և, փառք Աստծո, նրանցից ոչ ոք չէր տուժել: Տուժեցի միայն ես, երբ պայթյունից հետո խուճապ առաջացավ: Թեև այրվածքներ չէի ստացել, սակայն կոտրել էի անրակս: Երբ սկսվեց իրարանցումը, ինձ հրեցին, ես ընկա գետնին, իսկ մի քանի հոգի ընկան ինձ վրա, այնուհետև ես ուշագնաց եմ եղել ու ոչինչ չեմ հիշում: Ավելի ուշ, հիվանդանոցում հասկացա, որ շատ բարդ վիրահատության պետք է ենթարկվեմ, այն էլ՝ 2 անգամ: Ինչո՞ւ պետք է ես 2 անգամ նարկոզի ենթարկվեի, չհաշված որ մինչև հիմա երկաթները թևիս մեջ են», – պատմել է մեր զրուցակիցը՝ հավելով, որ երեկ՝մինչ դատարան մտնելը՝ մուտքի մոտ զրուցել է պայթյունից տուժած երիտասարդների հետ ու հասկացել, որ նրանցից շատերի դատարան գալը ձևական բնույթ է կրում:
«Ցավալի է, որ մեր երիտասարդները այդքան վաղ տարիքից սկսել են ստել: Նրանցից անհնար է իմանալ՝ իրականում ինչ են մտածում այս մասին: Պարզ է, որ նրանց բոլորին էլ կաշառել են, ինչ-որ խոստումներ տվել ու բերել դատարան: Նրանք չգիտեն, թե ինչ են ասելու ու ինչի մասին պետք է բողոքեն: Ամեն ինչ այնքան ակնհայտ է. դա են վկայում նրանց կեղծ ժպիտները ու չափազանց ուրախ լինելը, թեև մինչ օրս վիրակապերը դեռ թևերին են, շատերը ձեռնոցներով, լայնեզր գլխարկներով, ակնոցներով փորձում են թաքցնել այրվածքների հետքերը», – եզրափակել է մեր զրուցակիցը: